ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.08.2020
Հանդիպում Դիլիջան ազգային պարկում

Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է անցկացրել Դիլիջան ազգային պարկի աշխատակազմի հետ։ Լինելու են սուր ու կտրուկ լուծումներ Շրջակա միջավայրի նախարարն իր դժգոհությունն է արտահայտել ազգային պարկի աշխատանքների որակի վերաբերյալ։  Հողային խնդիրների վերհանման, սահմանազատումների, Երևան֊Թբիլիսի միջպետական ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների հատվածներում իրականացված ապօրինի շինաշխատանքների ու կառուցապատումների վերացման գործում ազգային պարկը պարտավոր է լինել հետևողական և խնդիրները լուծել կարճաժամկետ հեռանկարում՝ օպերատիվ միջոցներով և ուղիղ միջամտությամբ։ Վարձավճարները վերանայվելու են Պարզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։ Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։ Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված հանրային օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։