ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի գործողությունների արդյունքում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք համայնքներում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից Սևանա լճից ձկնային պաշարների ապօրինի արդյունահանման, պահեստավորման և դրանք քողարկված ձևով՝ այլ ձկնատեսակի անվան տակ, մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածքից ապօրինի արտահանման բազմաթիվ դեպքեր: Շուրջ երկու տասնյակ խուզարկությունների արդյունքում Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի վարչական տարածքում գտնվող մի շարք համայնքներում գործող սառնարանային տնտեսություններում հայտնաբերվել են սառեցված վիճակում պահեստավորված ընդհանուր 127.171 կիլոգրամ «Սևանի սիգ» տեսակի ձկներ: Սևանա լճում ապօրինի ձկնորսության դեմ պայքարը գտվում է Շրջակա միջավայրի նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում։ Նախարարության պատասխանատու ստորաբաժանումներն ու ենթակա կառույցները սերտորեն համագործակցում են պետական այլ մարմինների՝ գերատեսչությունների և ծառայությունների հետ, խնդրին համապարփակ և համակողմանի լուծում տալու համար։ Այդ նպատակով Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվել և կառավարության կողմից հաստատվել է Սևանա լճում կենսապաշարի օգտագործման և կայուն կառավարմանն ուղղված փորձարարական ծրագիրը, ըստ որի արդյունագործական ձկնորսության նպատակով Սևանա լիճ լողամիջոցների մուտքն ու ելքն կիրականացվի միմիայն նախագծում նշված 17 տեղամասերից, որոնք գտնվելու են «Սևան» ազգային պարկի և Շրջակա միջավայրի նախարարության անմիջական հսկողության ներքո։ Սևանի էկոլոգիական վիճակի բարելավման, լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված առարկայական քայլերն օրվա հրամայական են, այդ նպատակով 2020 թվականի ընթացքում ձկան արդյունագործական որսի ծավալը Սևանա լճում սահմանվել 200 տոննա։ Նոր նախագծով նախարարությունը սահմանում է ձկան որսի վերահսկողության նոր գործիքներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարել ապօրինի ձկնորսության դեմ և գործուն քայլեր ձեռնարկել Սևանի ձկնապաշարների վերականգնման ուղղությամբ։ Որոշման համաձայն շուտով. Արգելվելու է Սևանա լճում բոլոր ձկնատեսակների արդյունագործական որսը՝ բացի սիգից։ Սիգ ձկնատեսակի որսն իրականացվելու է Մեծ Սևանի ամբողջ տարածքով, ափից առնվազն 500 մետր հեռավորության վրա։ Ձկնորսության համար թույլատրելի քաշ է սահմանվել ոչ պակաս, քան 500 գրամը։ Հաշվի առնելով ձկների ձվադրման շրջանը՝ որսն արգելվելու է իրականացնել 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թ. մարտի 1-ը։ Ձկների արդյունագործական որսն իրականացվելու է դնովի ցանցերով (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ և ավելի): Սևանա լճում ձկների արդյունագործական որսը թույլ կտրվի իրականացնել օրվա միմիայն լուսային ժամերին։ Հարկ է փաստել, որ օրենքի կիրարկման հիմնական նպատակը ձկնորսությամբ զբաղվող տարածաշրջանի բնակչության գործունեությունը արգելելը կամ խոչընդոտելը չէ, այլ դաշտը կանոնակարգելն ու համակարգելը, ինչի շնորհիվ հնարավոր կլինի վերահսկել Սևանա լճում կենսապաշարների կայուն և արդյունավետ կառավարումը, բարելավել և զարգացնել տեղի բնակչության սոցիալ-տնտեսական վիճակը և արդյունավետ պայքարել օրենքից դուրս գործող անձանց կամ խմբերի ապօրինի գործունեության դեմ։ Սևանա լճում կենսապաշարների կայուն կառավարումը բխում է ինչպես Սևանա լճի, այնպես էլ ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից, քանի որ լիճը ոչ միայն բնության յուրօրինակ հուշարձան է, այլ մեր երկրի համար կենսական ու ռազմավարական նշանակություն ունեցող անգնահատելի օբյեկտ։ Գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://www.facebook.com/www.sns.am/