ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.08.2020
Հանդիպում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարների հետ

Այսօր Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ընդունեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գնել Հասրաթյանին և տեսչական մարմնի ստորաբաժանումների ղեկավարներին։ Քննարկվեցին ոլորտում առկա խնդիրները, կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով՝ դրանց լուծմանը միտված ընթացիկ գործընթացների վիճակը, ինչպես նաև առանձին քննարկման արժանացավ տեսչական մարմնին տրված լիազորությունների շրջանակը, գործիքակազմը և դրանք իրացնելու հնարավորությունները։ Մասնավորապես անդրադարձ կատարվեց ապօրինի ջրօգտագործման, ծառահատումների, անազատության մեջ պահվող կենդանիների հաշվառման հիմնախնդիրներին, համակարգային փոխգործակցության հատվածում բացերին, վերահսկման և կանխարգելման նոր գործիքակազմի մշակման անհրաժեշտությանը։  Նախարարն անդրադարձավ նկատելի թերություններին ու իրավասու մարմինների միջև գործողությունների հետևողականության և համագործակցության տեսանելի բացերին։ Ըստ նախարարի, առկա են շրջակա միջավայրում արձանագրված բազմաթիվ իրավիճակային խնդիրների և դրանց հակազդելու, կանխարգելելու, հետևանքները վերացնելու ընթացակարգերի և օրենսդրական իրավակարգերի խիստ անհամապատասխանություն։  Նախարարի պնդմամբ, շատ հաճախ վերահսկողական գործառույթներով օժտված տեսչական մարմնի բարեվարքության վրա ազդում է այդ լիազորություններն իրացնելու գործընթացի բարդ ընթացակարգը և արդյունքում տեսուչին հնարավորություն չի ընձեռվում շրջակա միջավայրի ամենատարբեր իրավախախտումներին տալ արագ գնահատական և օպերատիվորեն հակազդել իրավախախտների գործողություններին։ «Շրջակա միջավայրի նախարարության ու Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի փոխգործակցությունը կատարելագործվելու և ավելի ինստիտուցիոնալ հունի մեջ դնելու կարիք կա։ Պետությունը ձեզ օժտել է գործիքակազմով, որպեսզի դուք յուրաքանչյուր խնդրի ու ապօրինի գործողության արագ և տեղում արձագանքեք, հետամուտ լինեք դրանց հետևողական ու ամբողջական լուծմանը։ Մեր գերատեսչություններն ամենաուղղակի ազդեցությունն ունեն շրջակա միջավայրի ճիշտ և հոգատար կառավարմամբ պայմանավորված՝ հասարակության վարքագծի ձևավորման վրա, ինչն այսրոպեական ձեռնարկումներ ու միջամտություններ է պահանջում»։ Հանդիպման ընթացքում մշակվեց առաջիկա կարճաժամկետ գործողությունների ճանապարհային քարտեզ։  Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական խնդիրները շատ են, և կարիքը կա խիստ համագործակցության ու փոխգործակցության ավելի լայն մասշտաբների և արդյունավետ, երկուստեք իրականացվող գործընթացների։ Ամփոփելով հանդիպումը,նախարարն հույս հայտնեց, որ ամենասեղմ ժամկետներում նոր քաղաքականության շրջանակներում կմշակվի փոխգործակցության ավելի արդյունավետ համակարգ, կստեղծվեն հաղորդակցության ու հետադարձ կապի ինտերակտիվ խողովակներ։ Շրջակա միջավայրի նախարարության ռեսուրսների և գործիքակազմի օգնությամբ նախարարը հետամուտ կլինի տեսչական մարմնի ինստիտուցիոնալ հզորացման ու կարողությունների ընդլայնման գործին։