ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.07.2020
9000 ծառ՝ Մթնաձորում. 2 սպորտհրապարակ՝ Կապանում

Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Կապանի անտառտնտեսություն մասնաճյուղն իրականացրել է ծառատնկման աշխատանքներ՝ Ծավ բնակավայրի մոտակայքում։ Մթնաձորի անտառի հարակից հատվածում, 2 հեկտար ընդհանուր տարածքի վրա տնկվել է շուրջ 9000 տնկի (5000 հատ ընկուզենի և 4000 հատ ուղեկցող այլ ծառատեսակներ՝ այդ թվում կովկասյան փռշնի, կովկասյան տանձենի և կովկասյան սրնգենի)։ Տնկման արդյունքներին ծանոթանալու համար տնկարան է այցելել շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարող Վահե Ջիլավյանը։  Տարածքը ցանկապատվել է, անց է կացվել ոռոգման շուրջ 4000 մետրանոց համակարգ, տեղադրվել է 25 տոննա տարողությամբ ջրի տարա։ Այնուհետև Վահե Ջիլավյանը եղել է նաև Շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվող   «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի  միջոցով Կապանում կառուցված 2 սպորտհրապարակներում։  Վահե Ջիլավյանը զրուցել է դրամաշնորհային ծրագիրն իրականացրած հասարակական կազմակերպության ներկայացուցչի հետ և ամփոփել ծրագրի արդյունքները։