Շրջակա միջավայրի նախարարությունը «Կլիմայական գործողության կատարելագործման փաթեթ – Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցություն» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է «Կլիմայական ֆինանսների ներգրավում և ծրագրերի կառավարում» վերապատրաստման դասընթացի իրականացում։ Դասընթացը խարսխված է միջազգային առաջատար բնապահպանական կազմակերպությունների և կլիմայական հիմնադրամների կողմից ընդունված և գործածվող ծրագրերի կառավարման սկզբունքների/ուղեցույցների վրա։ Դասընթացի տևողությունը 40 ժամ է և իրականացվելու է (նախնական) օգոստոս ամսվա ընթացքում։ Մասնակցել ցանկացող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, կրթական հաստատությունների և մասնավոր հատվածի ներկայացուցիչները կարող են հայտեր ներկայացնել մինչև հուլիսի 17-ը հետևյալ էլ. փոստով՝ press@env.am (նամակի թեմա դաշտում (subject) պարտադիր նշելով – «ԴԱՍԸՆԹԱՑ» վերնագիրը)։ Մասնակցության հայտը պետք է ներառի դասընթացին առաջարկվող մասնակցի ինքնակենսագրականը և 2 էջանոց նկարագրություն՝ մասնակցության դրդապատճառների և ստացված գիտելիքները կազմակերպությունում կիրառելու հեռանկարների վերաբերյալ։ Յուրաքանչյուր կազմակերպությունից կարող է ներկայացվել միայն մեկ թեկնածություն։ Ստացված հայտերից ընտրված առավելագույնը 10 մասնակիցները հնարավորություն կստանան անվճար մասնակցել հիշատակված դասընթացին։