ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.06.2020
Հունիսի 17-ն ՝անապատացման և երաշտի դեմ պայքարի օր

Անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը  նշվում է յուրաքանչյուր տարի հունիսի 17-ին և կոչված է բարձրացնելու հանրության իրազեկվածությունը անապատացման դեմ պայքարի միջազգային ջանքերի մասին: Այս օրը եզակի հնարավորություն է ընձեռում բոլորին հիշեցնել, որ հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին կարելի է հասնել խնդիրների լուծմանը՝ համայնքների լայն մասնակցության և բոլոր մակարդակներում համագործակցության միջոցով: Ըստ ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի կոնֆերանսի 3/COP.12 որոշման «Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ հողային ռեսուրսների որակը և քանակը, ինչը անհրաժեշտ է էկոհամակարգային ֆունկցիաների և ծառայությունների ապահովմանը և պարենային անվտանգության բարձրացմանը, մնում է կայուն կամ աճում ըստ սահմանված ժամանակային և տարածական մասշտաբների և էկոհամակարգերի»: Այս տարի անապատացման և երաշտի դեմ պայքարի օրը նվիրված է հողերի անապատացմանը և դեգրադացմանը նպաստող հիմնական գործոնի,  մարդու կողմից արտադրության և ռեսուրսների սպառման անշեղ աճի, նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը՝: Աշխարհի բնակչության թվաքանակը գնալով մեծանում է և դրան գումարած մեծանում է բնակչության նյութապես ապահովվածության և ուրբանիզացիայի տոկոսը, հողային ռեսուրսների պահանջարկը, որն անհրաժեշտ է սննդի, կերերի և մանրաթելի (հագուստի համար) արտադրության համար, աճում է առաջանցիկ տեմպերով: Մինչդեռ առկա վարելահողերի «առողջական» վիճակն ու արդյունավետությունը (բերրիությունը) վատթարանում են, ինչը խորանում է նաև կլիմայի փոփոխությամբ։ Որպեսզի ունենալ անհրաժեշտ հողերի բավարար քանակ, ինչը թույլ կտա բավարարել մինչև 2050 թվականը տասը միլիարդի հասնող մարդկանց կարիքները, անհրաժեշտ է փոխել նաև մարդկանց կենսակերպը։  Այս տարի անապատացման և երաշտի օրվա կարգախոսն է՝«Սնունդ.Կեր.Մանրաթել.», որն իր խնդիրն է դնում մարդկանց սովորեցնել, թե ինչպես կարելի է նվազեցնել ազդեցությունը հողային ռեսուրսների վրա անհատական մակարդակով: Սնունդը, հագուստը հիմնականում  պատրաստվում են բույսերից և կենդանիներից: Դա նշանակում է, որ սննդամթերքի, կերերի և մանրաթելերի արտադրողները մրցում են գյուղատնտեսական հողերի համար: Եվ պահանջարկը շարունակում է աճել ինչպես աշխարհի բնակչության աճի, այնպես էլ միջին դասին դասվող մարդկանց թվի ավելացման պատճառով։ Եթե մենք շարունակենք արտադրել և օգտագործել, ինչպես սովոր ենք, մենք մսխելու ենք մեր մոլորակի կյանքը պահպանելու ունակությունը, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ոչինչ չի մնա, բացի թափոններից՝ հայտարարել է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի գործադիր քարտուղար Իբրահիմ Թիաուն: Հողերի պահպանությանն ու վերականգնմանը նպաստելու համար մեզ բոլորիս պետք է ճիշտ ընտրություն կատարենք, թե ինչ ենք ուտում ու հագնում: COVID-19 համավարակից վերականգնման համար մենք պետք է նոր սոցիալական «պայմանագիր» կնքենք հանուն բնության: Եթե  որոշենք աշխատել բնության հետ ներդաշնակ, կխուսափենք աղբից և հողերի հետագա քայքայումից, կնվազեցնենք ածխածնի արտանետումները և կվերականգնենք կենսաբազմազանության կորուստը: Համավարակին պատշաճ արձագանքելու և վերականգնվելու հարցում «Առողջ երկիր, առողջ մարդիկ» ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի նշանաբանը այսօր ավելի քան երբևէ ճշմարիտ է: Առաջ շարժվելով՝ մենք պետք է մեր ջանքերն ու ռեսուրսներն ուղղենք  գյուղատնտեսության զարգացմանը և կանաչ աշխատատեղերի ստեղծմանը, համայնքների կայունության ապահովմանը և երկրից էկոհամակարգային ծառայությունների կայուն առաքմանը: Գյուղատնտեսության զարգացումը, քաղաքների աճը և ենթակառուցվածքների ընդլայնումը մեծացնում են հողային ռեսուրսների պահանջարկը և սրում մրցակցությունը դրանց համար: Վերջնական արդյունքը դառնում է այն, որ հողերը տեղափոխվում են հողօգտագործման այլ կատեգորիաներ և դեգրադացվում են այնպիսի տեմպերով, որ դա խաթարում է հողերի ինքնավերականգնման ունակությունը, դրանով իսկ վնաս հասցնելով արտադրությանը, էկոհամակարգերին և կենսաբազմազանությանը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ամբողջ աշխարհում  այսօրվա դրությամբ դեգրադացիայի է ենթարկվում ավելի քան 2 մլրդ հեկտար նախկինում արդյունավետ հողեր, բնական էկոհամակարգերի ավելի քան 70%-ը դուրս է բերվել իրենց բնական վիճակից: 2050 թվականին այդ ցուցանիշը կարող է հասնել 90%-ի, մինչև 2030 թվականը պարենամթերքի արտադրության համար կպահանջվի ևս 300 մլն հեկտար հողատարածք, դարի կեսերին ջրի պահանջարկը սննդի արտադրության համար կարող է հասնել 10-13 տրիլիոն խորանարդ մետր մեկ տարվա ընթացքում, ինչը 3,5 անգամ ավելի է ներկայումս մարդու կողմից ջրի սպառման գումարային ծավալից, յուրաքանչյուր տարի պարենամթերքի կորուստները և սննդային թափոնները կազմում են սննդամթերքի արտադրության ընդհանուր ծավալի մեկ երրորդը, սակայն 821 միլիոն մարդ շարունակում է տառապել թերսնումից:  Սպառողների և կորպորացիաների վարքագծի մոդելների փոփոխության և տնտեսավարման ավելի արդյունավետ մեթոդների ներդրման արդյունքում կարելի է հասնել նրան, որ առկա հողերը բավարար լինեն մարդկանց պահանջարկը բավարարելու համար։ Եթե բոլոր սպառողները նվազեցնեն հողերի դեգրադացիային հանգեցնող մթերքների քանակը, մատակարարները դրանք շուկա քիչ կմատակարարեն, ինչը հզոր ազդակ կհանդիսանա արտադրողների և օրենսդիրների համար։ Սննդակարգի և վարքի մոդելների փոփոխությունները, օրինակ, սննդի թափոնների ծավալների կրճատումը, տեղական շուկաներում սննդամթերքի ձեռքբերումը կարող է ազատել հողային ռեսուրսներ՝ այլ նպատակներով օգտագործման համար,և նվազեցնել ածխածնի արտանետումները:      Ներկայումս 123 երկիր (ներառյալ Հայաստանը), որոնք ենթարկվում են անապատացման կամ երաշտի, ներգրավված են հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին հասնելու ազգային թիրախների որոշման գործընթացում, նպատակ ունենալով հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին: Շրջակա միջավայրի նախարարությունը ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետությունում հողերի չեզոք դեգրադացիայի ծրագրի հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծով որպես ազգային նպատակ առաջարկվում է՝ մինչև 2040 թվականը հողում (ստորգետնյա և վերգետնյա հատվածներում) օրգանական ածխածնի պաշարների ավելացում և դրանք, 2015 թվականի վիճակի համեմատ, ավելացնել 1.5%-ով:»:  Ազգային նպատակին հասնելու հիմնական խնդիրներն են՝ դադարեցնել գյուղատնտեսական հողերի դեգրադացիան, նպաստել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի  հուլիսի 21-ի N 1232-Ն որոշմամբ հաստատված  ազգային ծրագրի իրականացմանը, նպաստել անտառային տնտեսության կառավարման բարելավման աշխատանքներին,բարելավել հանրապետության արոտավայրերի կառավարումը:     Շրջակա միջավայրի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) աջակցությամբ սկսել է «Հայաստանում հողերի չեզոք դեգրադացիայի շրջանակներում հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ դեգրադացված մարգագետինների կայուն կառավարման և վերականգնման միջոցով» դրամաշնորհային ծրագրի մշակման աշխատանքները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2021-2024 թվականների ընթացքում: Ծրագիրն ունենալու է մի շարք բաղադրիչներ (օրենսդրության բարելավում, նոր տեխնոլոգիաների ներդրում,  իրազեկության բարձրացում, քարտեզագրում և այլն): ՄԱԿ-ի«Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի քարտուղարության աջակցությամբ և Կորեայի Հանրապետության ֆինանսավորմամբ իրականացվել է «Հայաստանում «Արարատյան հարթավայրի հողերի չեզոք դեգրադացիայի գաղափարի իրականացում» պիլոտային ծրագիրը, ինչը մշակվել  է ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ: Ծրագիրն իրականացվել է Արարատի մարզի Նարեկ համայնքում: Դաշտային աշխատանքները մեկնարկել են 2019 թվականի մարտ ամսից: Համայնքին է տրամադրվել 43 տոննա կենսահումուս, ինչը օգտագործվել է պտղատու այգիների և բանջարաբոստանային մշակաբույսերի հողատարածքների բարելավման համար:   30,29 հա պտղատու այգիների տարածքում ներդրվել է կաթիլային ոռոգման ոռոգման ջրի շիթային մատակարարմամբ համակարգ: Հիմնվել է 4,735 հա քամու ուժը մեղմող ծառաշերտ, ինչի համար նույնպես կառուցվել է ոռոգման կաթիլային   համակարգ (տես նկար 1-2):