ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
18.05.2020
 ԿԱՆԽԱՐԳԵԼԵՆՔ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՀՐԴԵՀՆԵՐԸ

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները տարվա այս ժամանակահատվածում հաճախակիանում են, ինչը պայմանավորված է օդի ջերմաստիճանի բարձրացմամբ ու տեղումների կրճատմամբ։ Կարևոր է զերծ մնալ հրդեհավտանգ իրավիճակներ ստեղծելուց և կանխել կրակի հնարավոր բռնկումն ու տարածումը՝ մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքներում և անտառածածկ հատվածներում։ Անտառային հրդեհների հիմնական պատճառները մարդածին են։ Դրանք կարող են գոյանալ. գյուղատնտեսական թափոնների այրման,  արոտավայրերի, խոզանի այրման,  չթույլատրվող վայրերում խարույկներ վառելու,  ծխախոտի մնացորդները չնախատեսված վայրերում և առանց մարելու դեն նետելու պատճառով: Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհները կանխելու համար անհրաժեշտ է հիշել, որ չոր խոտը, փայտը, տերևները և ծառերը հրդեհավտանգ են: Հարկ է հետևել մի շարք կարևոր կանոնների  Խարույկներից հեռու պահել ցանկացած տեսակի վառելիք, չվառել խարույկը ծառերի տակ,  վառել փոքր և վերահսկվող խարույկ: Հեռանալիս կրկնակի ստուգել և համոզվել, արդյո՞ք ամբողջությամբ մարել եք խարույկի կրակը: Դեռևս վառվող կրակի մնացորդները մարելու համար օգտագործել մեծ քանակությամբ ջուր կամ ծածկել կրակը ավազի հաստ շերտով: Հավաստիանալ, որ ծխախոտի մնացուկը ամբողջությամբ մարված է: Այն դեն չնետել և վերցնել ձեզ հետ ԿԱՐԵՎՈՐ Է ԱՐՁԱԳԱՆՔԵԼ Եթե նկատել եք նոր ձևավորվող անտառային հրդեհ կամ խոտածածկ տարածքի այրում՝ պարտադիր է հետևել ներքոնշյալ կանոններին. Շտապ ահազանգել Արտակարգ իրավիճակների նախարարություն՝ 911 հեռախոսահամարով։ Եթե կրակը չի ներկայացնում վտանգ Ձեր կյանքին և առողջությանն ու դեռ շատ չի տարածվել՝ փորձել հանգցնել այն կտորի կամ լաթի միջոցով (դա անհամեմատ ավելի արդյունավետ է, քան եթե փորձեք հանգցնել կրակը քիչ քանակությամբ ջրով): Եթե դուք ստիպված եք անցնել կրակի միջով, ապա ծածկեք ձեր դեմքը և բերանը խոնավ շորով: Եթե, այնուամենայնիվ, կրակը կպնի Ձեր հագուստին՝ մարեք այն պտտվելով կամ թափահարելով: Երբ ապահով տեղում եք գտնվում, անպայման, ահազանգեք 911, անգամ, եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը դա արդեն արել է: Հետևենք հակահրդեհային անվտանգության կանոններին, պահպանենք բնությունը։