ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.03.2020
«Հետք»-ին ի պատասխան

Ի պատասխան «Հետք» պարբերականի այսօր հրապարակած՝ «Մանիպուլյացիաներ Արարատյան դաշտի խնայված ջրի ծավալի շուրջ» հոդվածի հայտնում ենք, որ այնտեղ ներկայացված են խեղաթյուրված տվյալներ, քանի որ․ 1. Շրջակա միջավայրի նախարարությունը միայն 2019թ․-ի ընթացքում չափաբերել է (նվազեցրել) 1248 լ/վրկ ջրաքանակ՝ գործող ձկնաբուծական կազմակերպություններում, որի վերաբերյալ առկա են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, 2. Ինչ վերաբերվում է 2019թ․ 1257-Ն որոշման համաձայն Արարատյան դաշտի տարածքում լուծարված 8 և կոնսերվացված 43 խորքային հորերի, ապա այդ աշխատանքները կատարվել են Գնումների մասին ՀՀ օրենսդրության սահմանված կարգով՝ ներգրավելով տեխնիկական հսկողության ինստիտուտը։ Առկա են պետական միջոցների հաշվին կոնսերվացված և լուծարված բոլոր խորքային հորերի հանձնաժողովի կողմից հաստատված համապատասխան բոլոր փաստաթղթերը։ Բացի այդ, պետք է նշել, որ 1257-Ն որոշմամբ հատկացված շուրջ 38 մլն․դրամի չափով գումարը ենթակա է հորերի սեփականատերերից հետ գանձման, ինչի վերաբերյալ շրջակա միջավայրի նախարարությունը ձեռնարկում է իր լիազորությունների շրջանակներում համապատասխան միջոցներ: Լրացնենք, որ այս որոշմամբ հաստատվել են նաև հորերի բացասական հորիզոնով կոնսերվացման կամ լուծարման աշխատանքներ։ 3. Ինչ վերաբերվում է խորքային հորերի լուծարման և կոնսերվացման աշխատանքների ֆինանսական չափանիշի անճշտությանը, հայտնում ենք, որ շրջակա միջավայրի նախարարությունը նախահաշիվ կազմելուց առաջնորդվել է լուծարման և կոնսերվացման չափանիշների սահմանված ՀՀ կառավարության 2013թ․-ի 1233-Ն որոշմամբ և այդ կառավարության որոշմամբ բերված թվերը 20 անգամ ավելի ցածր են հոդվածում նշված միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված ուռճացրած թվերից։ Թերևս, ակնհայտ է, թե ինչու է 20-30 լիտր վայրկյան ջրատվությամբ մեկ հորի լուծարման վրա 40 միլիոն դրամ ծախսած միջազգային կազմակերպության ներկայացուցիչներն ապատեղեկատվություն տարածում, իսկ ինչ արժե մեկ հորի լուծարումը՝ «ՀԵՏՔ»-ի լրագրողը կարող էր ուղղակի տեղեկանալ տվյալ գործունեությամբ զբաղվող կազմակերպություններից։ 4. Հարկ է նշել նաև, որ 2014թ․-ին Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի հորիզոնները գտնվում էին ավելի ցածր մակարդակի վրա, քան հետագա 2015 և 2016 թվականներին և մատնանշել 2014թ․-ի դրությամբ որոշ հորերի ջրաելքը՝ առնվազն ոլորտին չտիրապետելու արդյունք է։ 5. Հետքի լրագրողը նույնիսկ տեղյակ չի եղել, որ լուծարվել և կոնսերվացվել են ԼՔՎԱԾ և ինքնաշատրվանող հորերը և հոդվածում փորձել է ենթադրել, թե որ ձկնաբուծարաններն են լուծարվել։ 6. Հետքի լրագրողը հոդվածում նաև նշել է, որ կառավարությունը վերանայել է ձուկ արտադրելու նորմաները և մեկնաբանում է, որ ջրօգտագործման թույլտվությունները չեն վերանայվում ըստ այդ նորմաների՝ կրկին մոլորության մեջ գցելով ընթերցողներին, քանի որ այդ որոշմամբ նորմաները ուժի մեջ են մտնում միայն 2021 թվականից հետո։ Հավելենք նաև, որ նույնաբովանդակ, ապակողմնորոշող մի հոդված էլ «Հետք» պարբերականը հրապարակել է երկու օր առաջ՝ ավտոմեքենաների չեզոքացման համակարգերին (катализатор) վերաբերող նախագծի վերաբերյալ, այդ կերպ շփոթության մեջ դնելով տասնյակ հազարավոր վարորդների՝ չներկայացնելով, որ նախարարության կողմից մշակված նախագիծը վերաբերվում էր միայն 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված ավտոմեքենաներին։