ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հանդիպել է Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր, որոնք մեծամասամբ վերաբերվում էին անտառվերականգնման, անտառկառավարման և անտառտնկման աշխատանքներին։ Նախարար Գրիգորյանը Վիտալի Դրոժժային է ներկայացրել «10Մ» ծրագիրը, որի շրջանակում Հայաստանում հոկտեմբերի 10-ին նախատեսվում է տնկել 10 միլիոն ծառ։ Նախարար Գրիգորյանը կարևորել է բելառուս գործընկերների հարուստ փորձի փոխանցումը հայկական կողմին։ Վիտալի Դրոժժան պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանին ինչպես փորձի փոխանցմամբ, այնպես էլ անտառվերականգնման աշխատանքների մյուս փուլերում։ Նշենք, որ Բելառուսի Հանրապետության ողջ տարածքի ավելի քան 40 տոկոսն անտառածածկ է։ Անտառային աշխատանքներում ներգրավված են մոտ 35․000 աշխատակիցներ։ Ներկայացնելով Բելառուսի ձեռքբերումներն անտառվերականգնման աշխատանքներում, նախարար Դրոժժան ընդգծել է նաև, որ Բելառուսում տարեկան տնկվում է մոտ 200 միլիոն ծառ։ Հիշեցնենք, որ վաղը՝ մարտի 13-ին, Գեղարքունիքի մարզում տեղի կունենա հայ-բելառուսական «Բարեկամության անտառի» բացման արարողությունը։ Անտառի տնկման համար Բելառուսը Հայաստանին էր տրամադրել 50000 տնկի և մասնագիտական օգնություն։ Բացման արարողության ժամանակ տեղի կունենա նաև ծառատունկ, որին կմասնակցեն շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ու Բելառուսի Հանրապետության անտառային տնտեսության նախարար Վիտալի Դրոժժան։