Շրջակա միջավայրի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «10/10/10» նախաձեռնության միջգերատեսչական առաջին աշխատանքային հանդիպումը։ Այն գլխավորել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։ Հանդիպմանը մասնակցել են Կառավարության բոլոր գերատեսչությունները՝ նախարարների տեղակալների և այլ պետական կառույցների ղեկավարների տեղակալների մակարդակով։ Քննարկմանը ներկա էր նաև Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ Միջգերատեսչական առաջին նիստի ընթացքում պետական կառավարման համակարգի բարձրաստիճան պաշտոնյաներին ներկայացվել են «10/10/10» ծրագրի շրջանակներում մինչ այժմ իրականացված աշխատանքները, ընթացիկ օրակարգն ու այլ գերատեսչությունների ներգրավվածության անհրաժեշտությունը։ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մասնավորապես նշել է, որ նախագիծը լայնածավալ է և այն կպահանջի պետական կառավարման ողջ համակարգի գործուն մասնակցությունը՝ նախաձեռնության լիակատար հաջողության հասնելու համար։ Էրիկ Գրիգորյանը պատասխանել է նախարարների տեղակալների հարցերին, որոնք մեծամասամբ վերաբերվում էին այլ նախարարությունների մասնակցության ձևաչափին։ Նախարար Գրիգորյանը ներկաների հետ կիսվել է ծառատունկի մասին ընդհանուր տեղեկատվությամբ՝ մասնավորաբար ներկայացնելով, թե ինչպիսի ծառատեսակներ են տնկվելու համահայկական ծառատունկի շրջանակներում, հանրապետության որ հատվածներում է նախատեսված իրականացնել տնկման աշխատանքներ և ինչ ռեսուրսներ են անհրաժեշտ «10/10/10» ծրագրի իրականացման համար։