ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.02.2020
Լևոն Աղասյանն ընտրվել է պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի անդամ, ազգային համակարգող

2020 թվականի հունվարի 27-ին պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի (IUCN WCPA) կողմից Հայաստանը ներկայացնող Լևոն Աղասյանն ընտրվել է պահպանվող տարածքների համաշխարհային հանձնաժողովի անդամ, ազգային համակարգող։  2019 թվականի նոյեմբերի 11-14-ը Բելգրադում (Սերբիայի Հանրապետություն) անցկացվել է «Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի»՝ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում «Աիչիի կենսաբազմազանության թիրախ» 11-րդ տարածաշրջանային խորհրդատվական սեմինարը: Սեմինարի նպատակն էր հզորացնել ազգային կարողությունները բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման, կենսաբազմազանության և կենսաբանական պաշարների պահպանության, օգտագործման և վերարտադրության ոլորտներում։ Մասնակիցների թվում էին ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանական թանգարանի տնօրեն, շրջակա միջավայրի նախարարի իրավախորհրդատու Լևոն Աղասյանը, տարածաշրջանային շահագրգիռ այլ կառույցների ներկայացուցիչներ։ Սեմինարի ընթացքում Լևոն Աղասյանը ներկայացրել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքը, Հայաստանի կենսաբազմազանության առկա վիճակն ու զարգացման հեռանկարները, տարածաշրջանային տեղեկատվական բազայի մշակման և ներդրմանն ուղղված քայլերը։