ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.01.2020
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին և աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին։  Ողջունելով հյուրերին, նախարար Գրիգորյանն ընդգծել է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության և ԵՄ միջև ձևավորված սերտ համագործակցության կարևորությունը և ներկայացրել ՀՀ-ԵՄ «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (CEPA) շրջանակներում Հայաստանի կողմից ոլորտում իրականացվող գործողությունները։  Էրիկ Գրիգորյանը գոհունակություն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից՝ նշելով, որ երկկողմ համագործակցության օրակարգը շարունակում է հագեցած մնալ: Վասիլիս Մարագոսը բարձր է գնահատել ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ փոխգործակցությունը հետագայում ևս կշարունակի մնալ բարձր նշաձողի վրա։ Նա վերահաստատել է ԵՄ պատրաստակամությունը՝ ոլորտում իրականացվող բարեփոխումներին աջակցելու համար։ Հանդիպմանը ներկա է եղել նաև շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը։ Կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս: