ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.12.2019
Իրինա Ղափլանյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության գլխավորած պատվիրակությանը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն  այսօր ընդունել է Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրեն Յոհանես Օլյելունդի գլխավորած պատվիրակությանը։   Հանդիպման նպատակն էր քննարկել Շվեդիայի Թագավորության հետ համագործակցության զարգացման հեռանկարները՝  շրջակա միջավայրի և բնապահպանության ոլորտներում։  Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը պարոն Օլյելունդին ներկայացրեց  մեր երկրում բնապահպանական քաղաքականության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, միաժամանակ կարևորելով երկու երկրների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Իրինա Ղափլանյանը Շվեդիայի պատվիրակությանը մասնավորապես ծանոթացրեց թափոնների նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման, պատասխանատու հանքարդյունաբերության և բնապահպանական նոր ենթակառուցվածքների ներդրմանն ուղղված նախագծերի և գործողությունների ընթացքին։  Օլյելունդը պատրաստակամություն հայտնեց հայկական կողմին փոխանցել իրենց երկրում արդեն իսկ կիրառված հաջողված փորձը։ Խոսելով կլիմայի փոփոխության հիմնախնդրի մասին, բարձրաստիճան հյուրը շեշտեց երկու երկրների միջև փորձի փոխանակման կարևորությունը։ Իրինա Ղափլանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Օլյելունդին՝ տեղեկացնելով, որ մինչև 2023 թվականը Հայաստանը  պատրաստվում է արգելել պոլիէթիլենային տոպրակների օգտագործումը՝ ընդգծելով, որ Հայկական կողմն ուրախ կլինի այս գործընթացում նույնպես ուսումնասիրել նաև շվեդական փորձը։  Նշենք նաև, որ հանդիպմանը ներկա էին. Հայաստանում և Վրաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ուլրիկ Թիդեստրոմը, Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության միջազգային զարգացման համագործակցության գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննա Լինդը, Շվեդիայի Թագավորության ԱԳՆ, արևելյան Եվրոպայի և կենտրոնական Ասիայի բաժնի ներկայացուցիչ Իլվա Համարստենը,  Շվեդիայի Թագավորության դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Բիրյեր Կարլսոնը։