ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.12.2019
Էրիկ Գրիգորյանը մասնակցում է «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովին

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը մեկնել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդ՝ մասնակցելու «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 25-րդ համաժողովին: «COP-25»-ի շրջանակներում Էրիկ Գրիգորյանը մասնակցելու է բարձրաստիճան հատվածի հանդիպմանը, Կլիմայի համաշխարհային գագաթաժողովին և Կայուն նորարարության ֆորում 2019-ին։ «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի գագաթաժողովը նպատակ ունի հզորացնել մասնակից պետությունների բարձր մակարդակի ներգրավվածությունը քաղաքական գործողությունների իրականացման գործում։ Միջազգային հարթակը հնարավորություն է տալիս նաև ներկայացնել այն եզակի տեսլականը, թե ինչպես են շահագրգիռ կողմերը համատեղ ջանքերով դիմակայելու այս հրատապ մարտահրավերին: Համաժողովի մասնակիցները քննարկելու են գործողություններ ծրագրեր, որոնք առավելագույնս արագ կնվազեցնեն շրջակա միջավայրի աղտոտումը և կկասեցնեն կլիմայի փոփոխությունը: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 25-րդ համաժողովի (COP-25) ընթացքում նախատեսվում են նաև մի շարք երկկողմ հանդիպումներ։ Կայուն նորարարության ֆորումի շրջանակներում նախատեսվում է մտքերի փոխանակում՝ կլիմայի մեղմմանն ուղղված ծրագրերի, նոր ֆինանսական մեխանիզմների ներդրման շուրջ։     Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիան վավերացրել է 1993թ. մայիսի 14-ին՝ հանդես գալով այդ կոնվենցիայի հավելված 1-ում չընդգրկված զարգացող կողմ երկրի կարգավիճակում: 2002թ. դեկտեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրությունը, իսկ 2017թ. փետրվարի 9-ին Փարիզի համաձայնագիրը: Փարիզյան համաձայնագիրի շրջանակներում, պետությունները պարտավորություն են ստանձնել պահպանել ջերմաստիճանի բարձրացումը 1,5-2 աստիճանի սահմաններում, մինչև 2030 թվականը կրճատել ջերմոցային գազերի արտանետումները 45 տոկոսով, իսկ մինչև 2050 թվականը հասնել դրանց զրոյական մակարդակի: