ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.11.2019
Աշխատաժողով նվիրված ջերմոցային ազգային կադաստրի կառավարման համակարգի և Հայաստանի ջերմոցային գազերի ազգային կադաստրի որակի ապահովմանը

Ս.թ. նոյեմբերի 4-ից 8-ը շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության, պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի նախաձեռնությամբ մեկնարկել է ջերմոցային գազերի ազգային կադաստրի կառավարման համակարգի և Հայաստանի ջերմոցային գազերի ազգային կադաստրի որակի ապահովման և արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի քարտուղարության, շրջակա միջավայրի նախարարության և այլ կառույցների ներկայացուցիչներ։ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանն իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ստանձնած պարտավորություններին, օրենսդրական կարգավորումներին և վավերացրած պայմանագրերին, որոնք ուղղված են  ջերմոցային ազգային կադաստրի կառավարման համակարգին։                                      Այս համատեքստում Իրինա Ղափլանյանն անդրադարձել է Հայաստանի նախաձեռնած գործողություններին՝ մասնավորապես ներդրումային համակարգի մեխանիզմներին, ինչպես նաև թափանցիկության լայն շրջանակ ապահովելու նպատակով ջերմոցային գազերի ազգային կադաստրի հաշվետվության շարունակական բարելավմանը, որպես չափման, հավաստագրման կարևորագույն բաղադրիչ։  Աշխատաժողովին մասնակցում էին նաև ջերմոցային գազերի ազգային կադաստրի մշակման և ջերմոցային գազերի արտանետումների գնահատման՝ թափոնների, անտառային հողերի, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտների ներկայացուցիչներ և փորձագետներ։ Միջոցառման ընթացքում քննարկվել են ջերմոցային գազերի կադաստրի կառավարման համակարգի թափանցիկության գնահատման և վերլուծության, արդյունավետության բարձրացման, նախատեսվող գործողությունների առաջնահերթության այլ հարցեր։