Շրջակա միջավայրի նախարարության, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի Հայաստանյան գրասենյակի և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության համատեղ նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատաժողով նվիրված անտառային ոլորտի արդյունավետ կառավարմանը: Աշխատաժողովը միտված է անտառային ոլորտի օրենսդրական փոփոխություններին, նորարարական տեխնոլոգիաների ներդրմանը, փորձի փոխանակմանը և հարակից այլ հարցերին: Բացման խոսքով հանդես է եկել շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը։ Ողջունելով ներկաներին նախարարի տեղակալը կարևորել է նման ձևաչափով անցկացվող միջոցառումների՝ մասնավորապես անտառային համակարգի աշխատակիցների աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունը: Այս համատեքստում Վարդան Մելիքյանը անդրադարձել է Հայաստանի ստանձնած պարտավորություններին, գերխնդիրներին, ծրագրերին, որոնք ուղղված են անտառվերականգնմանը: Իր հերթին շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Սամվել Սահակյանը աշխատաժողովի մասնակիցներին մաղթել է արդյունավետ քննարկումներ։ Նա հույս է հայտնել, որ աշխատանքները կկրեն շարունակական բնույթ նպաստելով ոլորտի բարելավմանը։ Աշխատաժողովին ներկա էին շրջակա միջավայրի նախարարության, շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի աշխատակիցներն ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները, ովքեր ներկայացրել են անտառային ոլորտի արդյունավետ կառավարման և զարգացմանն ուղղված ծրագրեր: Խմբային աշխատանքների, քննարկումների միջոցով մասնակիցները ներկայացրել են առաջարկներ անտառային ոլորտի խնդիրների վերհանման և դրանց լուծման ուղիների նույնականացման վերաբերյալ։ Աշխատաժողովի ավարտին ամփոփվել են քննարկումների արդյունքները և հստակեցվել են հետագա քայլերը: