Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ Նախարարը շնորհավորել է դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ստանձնելու կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ նրա պաշտոնավարման շրջանում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում Հայաստանի և Չեխիայի կայուն համագործակցությունն էլ ավելի կխորացվի։ Նախարարի և դեսպանի անդրանիկ հանդիպմանը քննարկվել են երկու երկրների բնապահպանական գերատեսչությունների և ենթակա կառույցների միջև արդեն գործող համագործակցության համաձայնագրերի կատարման ընթացքը, համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հեռանկարները, ինչպես նաև բնապահպանական քաղաքականության՝ առկա փորձի փոխանակման մեխանիզմները։ Դեսպան Կոպեցկին պատրաստակամություն է հայտնել նպաստել բնապահպանության ոլորտում երկու պետությունների համագործակցությունը որակական նոր մակարդակի բարձրացնելուն։