Բնապահպանության նախարարության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախաձեռնությամբ մայիսի 22-ին տեղի է ունեցել «Կենսաբազմազանությունը ագրարայինում» խորագրով կոնֆերանսը։ Միջոցառման հիմնական նպատակը կենսաբազմազանության վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացումն է, առկա խնդիրների մասին բարձրաձայնումն ու լուծումների ներկայացումը։ Բացման խոսքում ՀԱԱՀ-ի ռեկտոր Վարդան Ուռուտյանը կոչ է արել ամեն օր հիշել, որ բուսական և կենդանական աշխարհի վտանգված տեսակների պաշտպանությունն ու պահպանությունը, անտառածածկ տարածքների ավելացումը, էկոհամակարգերի վերականգնումն ու բնականոն գործունեությունը բոլորի պարտականությունն է։ Ողջույնի խոսքում բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանը նշել է․ «Մեզ համար կենսաբազմազանությունն առաջին հերթին անվտանգություն է և մենք պարտավոր ենք այն պահպանենլ և զարգացնել՝ մասնավորապես ռազմավարական և քաղաքականության մասով»։ Կոնֆերանսին ելույթ ունեցողների թվում են եղել նաև բնապահպանության նախարարության կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչությսն պետ Արթուր Պետրոսյանը, կենսաբազմազանության և կենսաանվտանգության քաղաքականության բաժնի պետ Ոսկեհատ Գրիգորյանը, որոնք ներկայացրել են ոլորտում իրականացվող քաղաքականությունը, առկա խնդիրները և առաջարկվող լուծումները։ Կոնֆերանսի շրջանակներում կազմակերպվել էր նաև Էքսպո ցուցադրություն, որտեղ ներկայացված էին շրջակա միջավայրի, կենսաբազմազանության պահպանությանը և կայուն զարգացմանն ուղղված ծրագրեր։ Միջոցառման ընթացքում մտքեր են փոխանակվել Կենսաբազմազանության կայուն կառավարման ու զարգացման, ինչպես նաև ոլորտում առկա խնդիրների և դրանց լուծմանն ուղղված նորարարական գաղափարների շուրջ, որին մասնակցել են հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, համալսարանի պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը։