ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.04.2019
Պարզաբանում «Սվ ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ

Համացանցում տարածված «Սվ ջուր» ՍՊԸ-ի տնօրենի բաց նամակի առնչությամբ հայտնում ենք, որ Բնապահպանության նախարարությունը որևէ ձեռնարկողի բարեկամական խորհուրդներ չի տալիս և ցանկացած նախատեսվող գործունեության` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն և փորձաքննությունն իրականացնում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։ Փորձաքննության ներկայացված ընկերության հաշվետվությունը՝ պահանջվող նյութերով և հիմնավորումներով ամբողջովին լրամշակված չի եղել, և չեն ապահովվել Օրենքի թվով 9 կետի պահանջները, ինչի վերաբերյալ փորձաքննական եզրակացության մեջ բնապահպանության նախարարությունն արձանագրել է 13 դիտողություն:  Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ պետական մարմինների որևէ գործողությամբ խախտվել է իր իրավունքները, ազատ է ՀՀ օրենսդրության շրջանակներում վիճարկելու դրանք։  Վերոնշյալ դեպքում, խոսքը նախատեսվող գործունեության մասին է և ցանկացած ձեռնարկողի առաջին խնդիրն իր սեփական ռիսկերի գնահատումն է, ինչը ենթադրում է, որ մինչև օրենքով նախատեսված բոլոր թույլտվությունների ստացումը՝ պետք է զերծ մնալ ցանկացած այլ գործընթաց սկսելուց: Կից ներկայացվում է ԲՆ դիտողությունները փորձաքննության ներկայացված «Սվ ջուր» ՍՊԸ-ի նախագծի վերաբերյալ 1. Հաշվետվությանը կից ներկայացվող նախագծային փաստաթղթերը թերի են, չեն ներկայացվել շշալցման արտադրամասի նախագծային փաստաթղթերը:  2. Բացակայում է շշալցման արտադրամասի շահագործման, փակման փուլերի հետ կապված շրջակա միջավայրի գնահատումը: 3.Ներկայացված չէ 70մ երկարությամբ խողովակի տեղադրման ժամանակ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 4. Բացակայում է ջրահեռացման հետ կապված տեղեկատվությունը՝ տեխնիկական ջրի ընդհանուր ծախսի, մատակարարման աղբյուրի, ինչպես նաև արտադրամասից արտադրական հոսքաջրերի քանակի և հեռացման եղանակի վերաբերյալ: 5.Համաձայն հաշվետվության՝ հանքային ջուրը վերցվում է 6/64 հորատանցքից, իսկ հանքավայրում ածխաթթու գազի կորզման համար նախատեսված է 1/62 հորատանցքը: Բացակայում է 1/62 հորատանցքից ածխաթթու գազի արդյունահանման նախագծային լուծումները և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը: 6. Շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված միջոցառումների ծրագիրը թերի է, բացակայում են 70մ երկարությամբ խողովակի տեղադրման և շշալցման գործարանի կառուցման հնարավոր ազդեցությունների նվազեցմանն ուղղված միջոցառումները: Չեն ներկայացվել միջոցառումների իրականացման ժամանակացույցը, ծախսերի գումարային գնահատումները: 7.Հնարավոր ազդեցության ենթակա տարածքի շրջակա միջավայրի, բնական պայմանների, ռեսուրսների ու դրանց օգտագործման նկարագիրը թերի է, հաշվետվությունում ներկայացված է հիմնականում Կոտայքի մարզի շրջակա միջավայրի նկարագիրը: 8.Այլընտրանքային տարբերակների դիտարկումը ևս լրակազմ չէ, ներառյալ` նախատեսվող գործունեությունից հրաժարման (զրոյական) տարբերակը, ընտրված տարբերակի հիմնավորումը՝ շրջակա միջավայրի պահպանության, տնտեսական, սոցիալական տեսանկյունից: 10. Բացակայում է հանքավայրում գոյություն ունեցող հորատանցքերի և նախատեսվող գործունեության գումարային, ամբողջական ազդեցությունների գնահատումը: 11. Բացակայում է շրջակա միջավայրի վրա հնարավոր տնտեսական վնասի գնահատումները:  13. «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության կողմից բնապահպանության նախարարություն ներկայացված գրության համաձայն, Արզնի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի սանիտարական պահպանման գոտին՝ վարձակալական հիմունքներով, 24.06.2010 թվականից պատկանում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերությանը: Բացակայում է «Վի Ընդ Էյ Տուր» ՍՊ ընկերության համաձայնությունը <<ՍՎ ՋՈՒՐ>> ՍՊ ընկերության կողմից նշված տարածքում գործունեության իրականացման վերաբերյալ: