Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը հանդիպել է Կովկասի բնության հիմնադրամի (CNF) գործադիր տնօրեն Ջեոֆ Ջակոմինիին և ազգային համակարգող Արման Վերմիշյանին: Ողջունելով հյուրերին՝ նախարար Գրիգորյանը գոհունակությամբ նկատել է, որ CNF-ի հետ համագործակցությունն ավելի է ընդլայնվում և կրում ինստիտուցիոնալ բնույթ։ Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ համատեղ միջոցառումները Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացման գործընթացում արդյունավետ են, ինչը նպաստել է դրանց պահպանության մակարդակի էական բարձրացմանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ԲՀՊՏ-ների կառավարման պլանների մշակման, մոնիթորինգի համակարգերի ուժեղացման ու կարողությունների զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերը ու գործողությունները, դիտարկվել են համագործակցությունը նոր ուղղություններով համալրելու հնարավորությունները։