Բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի նիստը՝ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանի նախագահությամբ։ Բացելով նիստը և հաստատման դնելով քննարկվելիք հարցերի օրակարգը՝ փոխնախարարն անդրադարձել է կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության ուղղությամբ կատարվող միջոցառումների ընթացքին և արձանագրած արդյունքներին։ Իրինա Ղափլանյանը խորհրդի նիստի մասնակիցներին հայտնել է, որ Հայաստանը դարձել է Կանաչ կլիմայի հիմնադրամի խորհրդի անդամ և տեղեկացրել խորհրդի այս տարվա առաջին նիստի աշխատանքի արդյունքները, որտեղ ներկայացրել է մեր երկիրը։ Բնապահպանության նախարարի օգնական Հայրապետ Հակոբյանը ներկայացրել է Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության հանձնառությունները և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների Գործընկերության (NDC-Partnership) շրջանակներում իրականացվող աշխատանքները։ Նիստում քննարկվել են նաև Կանաչ կլիմայի հիմնադրամի (ԿԿՀ) հետ համագործակցության վերջին զարգացումները և «Ազգային հարմարվողականություն» ՄԱԶԾ-ԿԿՀ Ծրագրի նպատակները։ Նիստի մասնակիցները ծավալել են շահագրգիռ քննարկում, դիտարկել ներկայացված առաջարկները։