ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.02.2019
Բնապահպանության նախարարը հանդիպել է KfW բանկի ներկայացուցիչներին

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է KfW գերմանական բանկի ծրագրի ղեկավար Ալվարո Բեռիելին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը։  Կողմերը քննարկել են նաև կենսաբազմազանության և անտառային ոլորտի զարգացման համար KfW բանկի կողմից Հայաստանին  հատկացված 23.2 մլն եվրո  դրամաշնորհի մեկնարկային գործընթացները, ինչպես նաև արդեն իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» 8.25 մլն եվրո արժողությամբ ծրագիրը։ Վերջինիս շրջանակներում 2018 թվականին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից իրականացվել են մոտ մեկ միլիոն եվրո արժողությամբ աշխատանքներ՝ ուղղված անտառների վրա ճնշումների նվազեցմանը։ Նախարար Էրիկ Գրիգորյանը կարևորել է նախարարության նախաձեռնած բնապահպանական քաղաքականության համալիր բարեփոխման և ենթակառուցվածքների հզորացման միջոցառումների ուղղությամբ գերմանական գործընկերների հետ համագործակցությունը, ինչի համատեքստում դիտարկվել են ջրային ռեսուրսների, բնության հատուկ պահպանվող տարածքների և անտառների կառավարմանը, փորձաքննության գործընթացի կատարելագործմանը և կարողությունների հզորացմանը վերաբերող հարցեր։