Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգին։ Կողմերն արձանագրել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության մեծ ներուժի առկայությունը և քննարկել դրա լիարժեք օգտագործմանն ուղղված գործնական քայլերը։ Նախարարը բարձր է գնահատել դեգրադացված հողերում անտառտնկման չինական փորձը և կարևորել Հայաստանում նմանատիպ աշխատանքների փորձնական ծրագրի իրականացումը։ Դեսպան Թիեն Ըրլոնգը կարևորել է բնապահպանության ոլորտում համագործակցության մեկնարկը և հույս հայտնել, որ այն իր շարունակությունը կստանա ապրիլին Պեկինում կայանալիք «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի շրջանակներում, որին հրավիրված է նախարար Գրիգորյանը։ Կողմերը քննարկել են նաև էլեկտրոմոբիլների օգտագործման խթանման, բնապահպանական մոնիթորինգային համակարգի կատարելագործման, ուսուցողական ծրագրերի իրականացման հարցեր։