ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.01.2019
Մասնավոր ոլորտի կազմակերպությունների ներկայացուցիչներին տեղեկացվել է Կանաչ կլիմայի հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի մասին

«Կանաչ կլիմայի հիմնադրամ-ֆինանսավորման նոր հնարավորություններ» սեմինար-խորհրդակցությունների շարքի շրջանակներում Բնապահպանության նախարարության Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը կազմակերպել է հերթական հանդիպումը  էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների պետական և մասնավոր ընկերությունների, գիտական հաստատությունների ներկայացուցիչների համար։  Սեմինարի մասնակիցներին տեղեկացվել է, որ Կանաչ կլիմայական հիմնադրամը նախատեսում է  2020 թվականից զարգացող երկրներին տրամադրել տարեկան 100 մլրդ․ դոլար և ներկայացվել է  հիմնադրամի ֆինանսական գործիքակազմի և նրա  հետ համագործակցության մեխանիզմների վերաբերյալ տեղեկություններ:  Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, իր խոսքում հայտնել է, որ բնապահպանական ծախսերը իրականում լուրջ ու երկարաժամկետ ներդրումներ են և հիմնադրամի աջակցությամբ զարգացող երկրներում ստեղծվող կլիմայի փափոխության հարմարվողականության և մեղմման ենթակառուցվածքները բնապահպանական խնդիրների լուծմանը զուգահեռ նպաստելու են նաև տվյալ երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը։  «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Մերուժան Գալստյանը, և ծրագրի փորձագետները ներկայացրել են հիմնադրամի ֆինանսավորման հիմնական սկզբունքները և նպատակները։  Սեմինարի մասնակիցներին տրամադրվել են Կանաչ կլիմայի հիմնադրամի գործառույթների, ինչպես նաև հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունների վերաբերյալ համառոտ ձեռնարկը: