ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը մասնակցել է Գլոբալ Էկոլոգիական ֆոնդի միջոցներով և համայնքների համաֆինանսավորմամբ նախարարության ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի փակման միջոցառմանը։ Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից և նպատակաուղղված է նպաստելու քաղաքային լուսավորության էներգաարդյունավետության բարձրացմանը և ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը: Բացման խոսքում ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը կարևորելով ծրագրի առաջնային՝ բնապահպանական բաղադրիչը՝ շեշտել է, որ այն բնապահպանական, տնտեսական և սոցիալական օգուտների համադրման լավագույն օրինակ է։ Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետարանին և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինին արդյունավետ համագործակցության համար՝ շեշտելով, որ ՄԱԶԾ-ի հետ համագործակցությունը նոր թափ է ստացել և համատեղ իրականացվելիք ծրագրերն առաջիկայում հասարակության համար առավել շոշափելի և առարկայական արդյունքներ կապահովեն։ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել համագործակցության համար և նշել, որ իրականացված ծրագրի արդյունքները տեսանելի են եղել և գնահատվել են քաղաքացիների կողմից։ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը կարևորել է ծրագրի հաջող իրականացումը և նրա շրջանակներում գործընթացները շարունակելու տնտեսական մեխանիզմների ստեղծումը Ծրագրի իրականացման հինգ տարիների ընթացքում Հայաստանի 18 համայնքներում արդիականացվել է մոտ 59 կմ փողոցային լուսավորություն, տեղադրված լուսադիոդային լուսատուներն ապահովել են առնվազն 60 տոկոս արդյունավետություն: Ընդհանուր առմամբ տեղադրվել են 2990 լուսադիոդային լամպեր, որոնք ապահովել են տարեկան 1986 ՄՎտժ էլեկտրաէներգիա, կամ 89 միլիոն դրամի տնտեսում և մոտ 1000 տոննա ածխաթթու գազի կրճատում, որը գերազանցել է բնապահպանական պահանջվող արդյունքը: Լուսադիոդային լամպերով է ապահովվել նաև Բնապահպանության նախարարության ողջ համակարգը, ինչպես նաև Սևանի թերակղզի տանող ճանապարհը։