Բնապահպանության նախարարությունն իրականացնում է բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունների հզորացման հետևողական միջոցառումներ։ Վերոհիշյալ գործընթացների շրջանակներում Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի վարչական շենքի տանիքին, «Խոսրով» տեղամասի Վեդու այցելուների կենտրոնի մոտ և «Խաչաձոր» տեղամասի պահակակետի հարևանությամբ տեղադրվել են արևային էներգիայի ստացման համակարգեր: 21,760 կՎտ ընդհանուր հզորությամբ արևային ՖՎ 3 կայանները տարեկան կարտադրեն 34816 կՎտ/ժամ հոսանք, ինչի արդյունքում ՊՈԱԿ-ը տարեկան կխնայի 1 566 000 դրամ էլեկտրաէներգիայի վարձավճար և այդ գումարը կուղղի պետարգելոցի պահպանության ռեժիմի ուժեղացմանը և այլ նպատակների։ «Օպտիմում Էներջի» ընկերության տեղադրված այս հայկական արտադրության արևային վահանակներն ունեն 25 տարվա գործածության տևողություն: 2018 թվականին նմանատիպ վահանակներով էր հագեցվել նաև «Արփի լիճ» ազգային պարկը՝ կրկին Կովկասի բնության հիմնադրամի աջակցությամբ։