Քաղաքացիների մի մասը, որոնց թվում եղել են ոլորտի մասնագետներ, նախարարին են ներկայացրել առաջարկներ բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ և պատրաստակամություն հայտնել իրենց փորձով ու գիտելիքներով օժանդակել դրանց իրականացմանը։ Քննարկելով ներկայացված մոտեցումները՝ բնապահպանության նախարարի պաշտոնակատարը պատրաստակամություն է հայտնել նախարարության լիազորությունների և կարողությունների շրջանակներում աջակցություն ցուցաբերել դրանց իրագործմանը, ինչպես նաև առաջարկների հեղինակներին տեղեկացրել է նախարարի պաշտոնակատարին կից ձևավորվելիք մասնագիտակա խորհրդում ընդգրկվելու հնարավորությունների մասին։ Մասնագետների կողմից առաջարկներ են եղել մասնավորապես՝ Հայաստանում ծառատունկի խթանման նորարարական լուծումների, անտառային հրդեհների շիջման մեթոդների, միջազգային դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետության բարձրացման և այլ հարցերի վերաբերյալ։ Վառելափայտի տրամադրման խնդրանքով ներկայացած քաղաքացիներին տեղեկացվել է սոցիալական տարբեր խմբերին անտառի թափուկի տրամադրման իրավական կարգավորումների և դրա շրջանակներում նրանց իրավունքների իրացման ընթացակարգերի մասին։ Աշխատանքի անցնելու խնդրանքով դիմած քաղաքացիներին պարզաբանվել է, որ նախարարության պաշտոնական կայքում տեղադրվում են հայտարարություններ թափուր պաշտոնների մասին, որոնք կարող են զբաղեցվել հանրային ծառայությունը կարգավորող օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերով։