ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.11.2018
Մասնագիտական քննարկում՝ Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների վերաբերյալ

Փարիզյան համաձայնագրի ներքո Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցի շրջանակներում Անի Պլազա հյուրանոցային համալիրի կոնֆերանսների դահլիճում տեղի է ունեցել մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նախարարությունների և շահագրգիռ կառույցների պատասխանատուներ, Գործընկերության պատվիրակության անդամներ,  միջազգային ծրագրերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, փորձագետներ։  Ելույթով հանդես են եկել բնապահպանության նախարարի տեղակալ Ի. Ղափլանյանը, Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության երկրի ներգրավվածության գծով փոխտնօրեն Ռոմեո Բերտոլինին և Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության աջակցման միության Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային հարցերով մասնագետ Լի Կանդոն: Աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել Ազգային մակարդակով սահմանված ներդրումների իրականացման, ձեռքբերումների և մարտահրավերների ներկա վիճակին, օրենսդրության և ինստիտուցիոնալ հնարավոր կարգավորումներին, Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության ակնարկին: Նախանշվել են Հայաստանի կողմից իրականացվելիք գործողությունների ընթացքը։ Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Իրինա Ղափլանյանը նշել է, որ  կլիմայական գործընթացներով պայմանավորված քաղաքականությունը համընդգրկուն է և Փարիզյան համաձայնագրին միացած երկրները շատ անելիքներ ունեն գլոբալ մարտահրավերին դիմակայելու համար, իսկ ակնկալվող արդյունքներին հասնելու համար երկրների փոխգործակցությունն առաջնային է։