Հայաստանի Հանրապետությունը, 2017 թվականին վավերացնելով «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, ստանձնել էր պարտավորություններ՝ 2020թ-ից արգելել Կոնվենցիայի Ա Հավելվածի I մասում թվարկված սնդիկի հավելիչներով արտադրանքի արտադրությունը, ներկրումը կամ արտահանումը։ Համաձայն Կոնվենցիայի դրույթների` գործում է Կողմերին տրամադրվող ֆինանսական ռեսուրսների մեխանիզմ, որի շրջանակներում ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Սնդիկի վերաբերյալ «Նպատակային միջազգային ծրագրի» կառավարիչների խորհուրդը 18 երկրի ներկայացրած 19 ծրագրային հայտից հաստատել է միայն 5 առավել նպատակային և լիակազմ ծրագիր, որոնցից մեկը Հայաստանինն է։ Հաստատվել է Բնապահպանության նախարարության կողմից մշակված 162 000 ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը և այն ուղղվելու է Հայաստանում սնդիկի հավելիչներով արտադրանքի շրջանառությունից փուլային դուրս բերմանն աջակցելու նպատակով ներուժի ստեղծմանը։