ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.09.2018
Քննարկվել է շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ծրագրի ընթացքը

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել <<Շենքերի  էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում>> ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի խորհրդի նիստը։ Կանաչ կլիմայի հիմնադրամի /ԿԿՀ/ կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող վերոնշյալ ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում առկա շենքերի ֆոնդից ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը՝ շենքերի ջերմային մեկուսացմամբ ապահովելով մոտ 50-60 տոկոս էներգախնայողություն: ԿԿՀ-ի կողմից աշխարհում ֆինանսավորված 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջինը համարվող այս ծրագրի իրականացման համար տրամադրվել են 20 մլն դոլար դրամաշնորհային միջոցներ: Ծրագրի խորհրդի համանախագահներ Էրիկ Գրիգորյանի և ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Դմիտրի Մարիասինի ներածական խոսքերից հետո նիստի մասնակիցները հաստատել են օրակարգը և խորհրդի նոր կազմը։   Պատասխանելով նախարար Էրիկ Գրիգորյանի հարցին, թե արդյոք հաշվի են առնվել նախորդ նիստի ժամանակ հնչած ջերմամեկուսացվող հանրային շենքերի չափաբաժինը և բնակելի շենքերի համար նախատեսված ֆինանսական սուբսիդիայի չափերը մեծացնելու մասին առաջարկությունները՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը տեղեկացրել է, որ փոփոխությունների ծրագրային հայտն ուղարկվել է ֆինանսավորող կազմակերպությանը։ Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը  խորհրդին է ներկայացրել մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները և տարեկան աշխատանքային պլանը։ Հետագա աշխատանքների և լուծելիք խնդիրների մասին զեկույցով հանդես է եկել Ծրագրի միջազգային տեխնիկական խորհրդատու Մարինա Օլշանսկայան։ Քննարկումների արդյունքում խորհուրդը հաստատել է նախորդ ժամանակահատվածում ծրագրի շրջանակներում կատարված   աշխատանքները։