Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփել է պաշտոնավարման 100 օրվա ընթացքում գերատեսչության կատարած աշխատանքները, ներկայացրել ընթացիկ և հեռանկարային ծրագրերը: Էրիկ Գրիգորյանն առանձնացրել է նախարարության կողմից թույլտվությունների, լիցենզիաների և համաձայնեցումների տրամադրման ընթացակարգերի պարզեցման փաստը, ինչի արդյունքում բացառվել է սուբյեկտիվ մոտեցումներն ու անհարկի երկարաձգումները։ Աշխատանքներ են տարվում դրանք առցանց համակարգով տրամադրելու ուղղությամբ, ինչը նվազագույնի կհասցնի կոռուպցիոն ռիսկերը։ Իրականացված բարեփոխումների արդյունքում, ըստ նախարարի, ընթացիկ տարում մոտ 100 տոկոսով ավելացել է որսի թույլտվությունների համար գանձվող բնօգտագործման վճարների չափը։ Ուժեղացվել են գերատեսչության ենթակայության տակ գտնվող պահպանվող տարածքների պահպանման աշխատանքները։ Այդ նպատակով աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են միջինը 50, իսկ որոշ ՊՈԱԿ-ներում 100 տոկոսով և իրականացվել են մեծածավալ տեխնիկական վերազինման աշխատանքներ։ Բնապահպանության նախարարը ներկայացրել է միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավվող և նախաստորագրված դարմաշնորհային միջոցների մասին տեղեկատվություն, տեղեկացրել, որ բարձրացվել է դրանց օգտագործման արդյունավետության և նպատակայնության գործակիցը։ Անդրադառնալով բնապահպանական փորձաքննության գործընթացին՝ նախարար Գրիգորյանը տեղեկացրել է, որ ներկայում գործում է նոր մեթոդաբանություն․ միջազգային ծրագրերի միջոցներով վարձվել են երկու փորձագետ, որոնք ուսումնասիրում են փորձաքննական փաստաթղթերը, ինչից հետո միայն դրանց տրվում է եզրակացություն։ Ամբողջական տեղեկատվական բազա ստեղծելու նպատակով ուսումնասիրվել են ընդերքօգտագործման թափոններով զբաղեցված՝ լքված/տիրազուրկ տեղամասեր և փակված պոչամբարներ, ինչը նախկինում չէր արվել: Գույքագրված այդ տարածքների վերականգնման համար, նախնական պայմանավորվածության համաձայն, Եվրամիությունը կտրամադրի շուրջ 5 մլն եվրո դրամաշնորհ: Շրջակա միջավայրի մոնիթորինգի համակարգի կատարելագործման շրջանակներում, տեխնիկական հագեցվածության և մասնագիտական կարողությունների հզորացման խնդրի լուծումից բացի, աշխատանքներ են տարվում նաև մոնիթորինգի տվյալները յուրաքանչյուր ցանկացողի համար նաև հեռախոսային հավելվածներով հասանելի դարձնելու ուղղությամբ։ Պատասխանելով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերջին ստուգումների արդյունքների մասին լրագրողների հարցերին՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ իր հրամանով ձևավորվել է աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են ԳԱԱ համապատասխան ինստիտուտների գիտնականներ, տեսչական մարմնի ներկայացուցիչը, վերջինիս հետ ուսումնասիրություն կատարած և կարմիրգրքային թիթեռ ու ենթադրյալ բույս հայտնաբերած գիտնականները, ինչպես նաև Մոսկվայի պետական համալսարանի գիտնական Ալեքսանդր Դանչենկոն, ով հեղինակն է Հայաստանի կենդանիների կարմիր գրքի <<Թեփուկավորներ կամ թիթեռներ>> բաժինը։ «Կարմիր գրքում գրանցված «Ապոլոն» տեսակի թեթեռի գոյությունը չի հերքվել, սակայն ըստ եզրակացության՝ այն տարածքը, որտեղ տեսել են առանձնյակը, նրա բնադրավայրը չէ: Ինչ վերաբերում է ենթադրյալ կարմիրգրքային «Ոզնաթուփ մեխակին»՝ ապա հայտնաբերվել է տվյալ բույսի ընտանիքին պատկանող մեկ այլ տեսակ, որն կարմիրգրքային չէ»,- ասել է նախարար Գրիգորյանը: Բնապահպանության նախարարը պատասխանել է շրջակա միջավայրին, ոլորտի խնդիրների լուծման ուղղությամբ տարվող ծրագրերին առնչվող այլ հարցերի։