Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը հանդիպել է հանրապետության խոշոր առևտրային ցանցերի՝ սուպերմարկետների պատասխանատուների հետ՝ գերատեսչության նախաձեռնած մեկանգամյա օգտագործման պլաստիկից հրաժարվելու նախաձեռնության շրջանակներում: Ողջունելով ներկաներին՝ նախարարի առաջին տեղակալը ներկայացրել է, թե ինչ փուլում է գտնվում մեկնարկած գործընթացը, կարևորել տարբեր խմբերի՝ հասարակական կազմակերպությունների, առևտրի ոլորտի ներկայացուցիչների, պոլիէթիլենային ապրանքների կիրարկում իրականացնողների հետ հանդիպումներն ու քննարկումները։ «Այսօր բնապահպանության նախարարությունը մշակել և մասնագետների հետ քննարկում է պոլիէթիլենային տոպրակների և տարաների նվազեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների փաթեթը՝ հարկման ամենաադյունավետ տարբերակներ գտնելու նպատակով։ Մեր առաջնայնություններից է հանրային իրազեկման, սոցիալական գովազդի, ինչպես նաև բնապահպանական ուղղվածության հաղորդաշարերի միջոցով հասնել սպառողի վարքագծի փոփոխության, անընդհատ հիշեցնելով պոլիէթիլենային նյութերի վնասակարության մասին»,- նշել է Իրինա Ղափլանյանը։ Խոշոր առևտրային ցանցերի պատասխանատուները ներկայացրել են պոլիէթիլենային տոպրակներից աստիճանական հրաժարման մեխանիզմների ներդրման վերաբերյալ իրենց առաջարկներն ու նկատառումները։
