ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.08.2018
KfW բանկի ներկայացուցիչների հետ քննարկվել են ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման ուղղությամբ համագործակցության ընթացքն ու հեռանկարները

  Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Գերմանական զարգացման բանկի /KfW/ համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի տարածաշրջանային ղեկավար Մարիոն Քնիշին, «ՋՌՀԿ/Ախուրյան գետ» ծրագրի նորանշանակ ղեկավար Ռոբերտ Ռոտին և հայաստանյան ներկայացուցիչ Զառա Չատինյանին:     Բնապահպանության նախարարը ողջունել է հյուրերին Հայաստանում, անդրադարձել KfW բանկի հետ բնապահպանության ոլորտում ծավալված համագործակցությանը՝ շեշտելով այն ընդլայնելու և խորացնելու անհրաժեշտությունը։     Մարիոն Քնիշը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Կապսի ջրամբարի կառուցման ծրագրի ընթացքը։ Հյուրն անդրադարձել է ծրագրի շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության  գնահատման գործընթացին։    Նախարար Էրիկ Գրիգորյանն առաջնային է համարել Հայաստանի ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը, ինչը պայմանավորված է գլոբալ կլիմայական փոփոխություններով ու գյուղատնտեսության ծավալների աճով և այդ առումով կարևորել գերմանական կողմի հետ մեծածավալ ծրագրերի  իրագործումը։ Հյուրերի խնդրանքով բնապահպանության նախարարը ներկայացրել է նաև ջրային ոլորտի ներկայիս վիճակը և առկա խնդիրների լուծման նպատակով տարվող քաղաքականության հիմնական ուղղությունները։   Հանդիպման ավարտին կողմերը ևս մեկ անգամ վերահաստատել են համատեղ արդյունավետ աշխատանքին միտված հանձնառությունը և համագործակցության խորացման պատրաստակամությունը: