2018 թվականի գարնանը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Սևանա լճում ֆոսֆատ և ամոնիում իոնների կոնցենտրացիաները բարձր են դիտվել, և ջերմաստիճանի կտրուկ աճը նպաստավոր պայմաններ է ստեղծել լճի ինտենսիվ ծաղկման համար: Ֆոսֆատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային և միջին շերտերում գնահատվել է 0.08 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.15 մգ/լ, որոնք չեն գերազանցում ՀՀ կառավարության 2011թ. հունվարի 27-ի N75-Ն որոշմամբ սահմանված նորմերը (0.3 մգ/լ): Ամոնիում իոնի միջին կոնցենտրացիան մակերևութային շերտում 0.25 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.17 մգ/լ, որոնք չեն գերազանցում սահմանված նորմերը (0.5 մգ/լ): Նիտրատ իոնի կոնցենտրացիայի միջին արժեքը մակերևութային շերտում գնահատվել է 0.19 մգ/լ, իսկ հատակամերձ շերտում՝ 0.12 մգ/լ: Դիտված կոնցենտրացիաները չեն գերազանցում սահմանված նորմերը (11 մգ/լ): Լճի ընդհանուր էկոլոգիական վիճակը տարբեր հատվածներում և խորություններում ավելի մանրամասն կուսումնասիրվեն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 30-31-ի գիտարշավի ընթացքում: