Հուլիսի 3-ին Հայաստանի նկարիչների միությունում տեղի է ունեցել <<Էկո-Երևան 2800>> խորագրով ցուցահանդեսը, որում ներկայացված ցուցանմուշների միջոցով նկարիչները փորձել են արտահայտել իրենց մտահոգություններն ու հիացմունքը Երևան քաղաքի բնության հանդեպ։ Բացման խոսքով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը։ Ողջունելով արվեստագետներին, հյուրերին՝ նախարարի տեղակալը բարձր է գնահատել նմանատիպ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև կերպարվեստի լեզվով բնապահպանական հիմնախնդիրները բարձրաձայնելու կարևորությունը։ Ելույթով հանդես է եկել նաև բնապահպան Կարինե Դանիելյանը, ով կարևորել է արվեստի գործերի միջոցով Երևանի էկոլոգիական խնդիրների վերհանումը։ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը և <<Բնապահպանությունը կերպարվեստի լեզվով>> ՀԿ նախագահ Սևադա Սարգսյանը շնորհակալություն են հայտնել Բնապահպանության նախարարությանը՝ ցուցահանդեսին աջակցելու և երկու կառույցների միջև համագործակցությունը խորացնելու համար։ Ցուցահանդեսը գործելու է մինչև հուլիսի 8-ը, որի ժամանակ ցուցադրվելու են հայտնի արվեստագետների, երիտասարդ նկարիչների ու լուսանկարիչների՝ Երևանի կանաչ գույները ինչպես նաև բնապահպանական խնդիրները ներկայացնող գործեր։