ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.07.2018
Սևանա լճում պաշտոնապես մեկնարկել է լողաշրջանը

Հուլիսի 1-ին <<Սևան>> ազգային պարկի թիվ 1 հանրային լողափում տեղի է ունեցել Սևանա լճում 2018 թվականի լողաշրջանի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են լողափում հանգստացող Հայաստանի և արտերկրի քաղաքացիները, ազգային պարկի հարակից համայնքների բնակիչները, մշակույթի և արվեստի դպրոցների սաները, բնապահպանության նախարարության, համայնքային և մարզային իշխանությունների ներկայացուցիչները: Հանդիսավոր բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը,  <<Սևան>> ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը։ Բանախոսները, շնորհավորելով ներկաներին լողաշրջանի բացման կապակցությամբ, քաղաքացիներին կոչ են արել իրենց հանգիստը կազմակերպել Սևանա լճի հանրային լողափերում, որոնք ապահովված են անհրաժեշտ բոլոր ծառայություններով և հորդորել պահպանել անվտանգության կանոնները ինչպես նաև շրջապատի մաքրությունը։  Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը շրջել է լողափով, ծանոթացել բուժկետի և փրկարարական կենտրոնի ծառայություններին, զրուցել լողափում հանգստացող քաղաքացիների հետ։ <<Սևան>> ազգային պարկի  թվով 11 հանրային լողափից երեքը՝ թիվ 1, թիվ 2 և թիվ 3 -ը կահավորված են լողափնյա հանգստի բոլոր անհրաժեշտ պարագաներով: <<Սևան>> ազգային պարկի հանրային լողափերում տարեկան հանգստանում է միջինը 250-ից 300 հազար մարդ: