ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.06.2018
Աստանայում կայացել է Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով հանդիպումը

Բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը մասնակցել է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած Կովկասի և Կենտրոնական Ասիայի անտառային լանդշաֆտների վերականգնման թեմայով նախարարական  հանդիպմանը։ Միջոցառմանը մասնակցել են տարածաշրջանը ներկայացնող երկրների բնապահպանական կառույցների ղեկավարներ և տեղակալները։   «Պարտավորություններ և ներդրումներ Բոննի մարտահրավերների նպատակներին հասնելու համար» թեմայով քննարկմանը ելույթով հանդես է եկել բնապահպանության նախարարի տեղակալը, ով կարևորել է 2017 թվականին նախաձեռնած Բոննի մարտահրավերները՝ որպես Փարիզյան համաձայնագրի  նպատակներին հասնելու միջոց։ Գնել Սանոսյանն առանցքային է համարել անտառների պահպանությունը և անտառտնկման ծավալների մեծացումը, որը ոչ միայն համաձայնագրի դրույթների կատարումն է ապահովում, այլ նաև նպաստում է կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման դեմ պայքարին։ Փոխնախարարը նշել է, որ Հայաստանը անտառածածկ տարածքները 20,1 տոկոսի հասցնելու հավակնոտ գործընթաց է սկսել, ինչը ենթադրում է Հայաստանում առկա 334.1 հազար հեկտար անտառածածկ տարածքներն ավելացնել ևս 260 հեկտարով և այդ նպատակով օգտագործվելու են ինչպես ներքին ռեսուրսները, այնպես էլ միջազգային կառույցներից ակնկալվող  աջակցությունը։ Հանդիպման մասնակիցները Աստանայի Խաղաղության և համաձայնության պալատի մոտ ծառատունկ են իրականացրել և այցելել Ղազախստանի մայրաքաղաքի շուրջ ստեղծված կանաչ գոտի։