Հունիսի 14-ին նախարար Էրիկ Գրիգորյանի գլխավորած բնապահպանության նախարարության պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպի ղեկավարած պատվիրակության հետ: Ողջունելով հյուրերին՝ բնապահպանության նախարարը շնորհակալություն է հայտնել երկարամյա համագործակցության համար և հույս հատնել, որ ապագայում այն կլինի շատ ավելի մեծ, արդյունավետ և առարկայական։ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարպը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել է, որ բնապահպանությունը, որպես կայուն զարգացման հիմնական բաղադրիչ, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի շրջանակներում առաջնային նշանակություն ունի։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կանաչ կլիմայական հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընթացքին և հիմնադրամից լրացուցիչ դրամաշնորհային միջոցներ ներգրավելու հնարավորությունների, անտառային բարեփոխումների՝ մասնավորապես տարածքների քարտեզագրման և կադաստրային վկայականների ստացման գործընթացում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերը խոսել են նաև պլաստիկ թափոնների և դրանց արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերի և միջոցառումների մասին։ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարպն առաջարկել է հրավիրել դոնոր կազմակերպությունների հանդիպում՝ բնապահպանության ոլորտում ծրագրերի արդյունավետությունը բարձրացնելու և կրկնություններից խուսափելու համար։ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը դրական արձագանքելով առաջարկին, իր հերթին կարևորել է հասարակական կազմակերպությունների լիարժեք ներգրավվումը ընթացիկ և իրականացվող ծրագրերում և այդ նպատակով առաջնային համարել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցով անցկացվող մրցութային գործընթացների մասին իրազեկման խթանումը։ Հանդիպման ավարտին կողմերը կրկին հավաստել են համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը և նախանշել այդ ուղղությամբ կատարվելիք գործնական քայլերը:
