ՀՀ բնապահպանության նախարարությունն ամռանն ընդառաջ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով, որոնք նվիրված են արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորությանը, դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանը և միջոցներին: Նախաձեռնությունների թիրախային խմբերն են 1-ից մինչև 14 տարեկան երեխաները՝ հաշվի առնելով նրանց առավել բարձր խոցելիությունն ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Այս նպատակով, պետություն-մասնավոր հատված (բիզնես) համագործակցության շրջանակներում, մասնակցային որոշմամբ պատրաստվել են 20 000 օրինակ տեղեկատվական պիտակներ, որոնք փոխանցվել են <<Ոսկե կար>>, <<Ալեքս տեքստիլ>> և <<Սաթենկար>> (Մելանտե) սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին՝ դրանք իրենց արտադրանքներին փակցնելու նպատակով: 4000 պիտակ փոխանցվել է <<Մանկան>> ՍՊԸ-ին՝ մանկական փափուկ խաղալիքներին փակցնելու համար: Բացի այս, 2500 օրինակ նույնաբովանդակ էջանշաններ են տպագրվել, որոնցից 500-ը տրամադրվել են <<Բուկինիստ>>, <<Նոյյան տապան>> գրախանութներին և <<Թումանյան>> գրատանը, իսկ 2000 օրինակ Մշակույթի նախարարության օժանդակությամբ կտրամադրվի ՀՀ տարածքում գործող մանկական գրադարաններին: Նույն նախաձեռնությունների շրջանակներում պատվիրվել են 1000 արևապաշտպան բանդանաներ՝ ՀՀ տարածքում գործող մանկատների մանկահասակ երեխաներին տրամադրելու նպատակով: Տեղեկատվական պիտակներում և էջանշաններում ներառված տեղեկատվությունը, որը վերաբերում է օզոնային շերտի կարևորությանը, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարությանը և դրանցից պաշտպանվելու անհրաժեշտությանն ու եղանակներին, մշակվել է Առողջապահության նախարարության հետ համատեղ: Նախաձեռնություններն իրականացվել են ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության օժանդակությամբ: