ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.06.2018
Ուշադրության կենտրոնում են երեխաների առողջության վրա կլիմայի փոփոխությունների և շրջակա միջավայրի աղդեցության հարցերը

   ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ ներկայացուցիչ Տանյա Ռադոչայի և կրթական ծրագրերի համակարգող Տիգրան Թովմասյանի հետ Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանի ունեցած հանդիպման ժամանակ քննարկվել են հասարակության ամենախոցելի խմբի՝ երեխաների առողջության վրա կլիմայի գլոբալ փոփոխությունների և շրջակա միջավայրի ազդեցությանը վերաբերող հարցեր։ Տանյա Ռադոչան տեղեկացրել է, որ 2017 թվականին Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակը պատրաստել է կլիմայի և շրջակա միջավայրի՝ երեխաների վրա ազդեցության վերլուծության զեկույց, որում առկա են կարևոր տեղեկություններ խնդրի վերաբերյալ։     Բնապահպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել սերտացնել համագործակցությունը կազմակերպության հետ, կարևորելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից տարվող աշխատանքների թիրախները։ Իրականացվող ծրագրերի արդյունքներն ավելի շոշափելի  դարձնելու համար Է. Գրիգորյանն առաջարկել է դիտարկել Հայաստանի հանքշահագործվող տարածքներին հարակից համայնքներից մեկում պիլոտային ծրագրի իրականացման հնարավորությունը, որի շրջանակներում մասնագիտորեն կուսումնասիրվի  շրջակա միջավայրի ազդեցությունը երեխաների առողջության վրա և եզրակացությունները կլինեն գիտականորեն հիմնավորված, ինչպես նաև հատուկ ուսումնասիրման առարկա դարձնել բացասական ազդեցությունների մեղմման միջոցները։    ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի համակարգող Տիգրան Թովմասյանը ներկայացրել է էկոկրթության բնագավառում կազմակերպության ծավալած գործունեությունը և առաջիկա անելիքները։ Բնապահպանական գերատեսչության ղեկավարը կոչ է արել իրականացվող կրթական ծրագրերը համադրել այս տարի Հայաստանի կառավարության ընդունած Բնապահպանական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարության առաջնահերթությունների հետ։