Բնապահպանության նախարար Էրիկ Գիրգորյանն ընդունել է «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադրամի տնօրեն Նունե Ղազախեցյանի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի բնապահպանական բաղադրիչներով կատարվող գործողությունները։ Նունե Ղազախեցյանը ներկայացրել է Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների, պլաստիկ թափոններից շինարարկան նյութերի ստացում ծրագրի շրջանակներում իրականացված միջոցառումները՝ նշելով, որ Հայաստանի տարբեր մարզերում նախատեսվում է, ոչ միայն իրականացնել պլաստիկից թափոնների հավաքում և պահեստավորում, այլ նաև դրանցից կառուցապատման նպատակով շինանյութի ստացում։ Օրինակ՝ Սյունիքի մարզում նախատեսվում է ներդնել Շվեդական տեխնոլոգիայով պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս, որի արտադրանքը նախնական փուլում անվճար կտրամադրվի այն համայնքներին, որտեղից հավաքվել են այդ թափոնները։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրել է, որ Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ կառավարում ծրագրի շրջանակներում Արարատյան դաշտի 5 համայնքների ենթակառուցվածքների բարելավման շնորհիվ խմելու և ոռոգման ջրերի կորուստները կհասցվեն նվազագույնի։ Նախարար Էրիկ Գրիգորյանը, շեշտելով հիմնադրամի իրականացրած ծրագրերում ընտրված բնապահպանական թիրախների առաջնայնությունը, կարևորել է դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործումը և այդ նպատակով խորհուրդ տվել համադրել վերոնշյալ ուղղություններով պետության կողմից և այլ միջազգային ծրագրերով իրականացվող աշխատանքները, ինչը թույլ կտա խուսափել կրկնություններից։