ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.09.2025
Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Նյու Յորքում մասնակցել է «30x30–Բնության պաշտպանությունը՝ խաղաղության և կայուն ապագայի երաշխիք» բարձր մակարդակի միջոցառմանը

Նախարարը հանդես է եկել ելույթով, ընդգծելով  որ Հայաստանը, որպես COP-17-ի հյուրընկալող երկիր, պատրաստ է իր վրա վերցնել պատասխանատվություն՝ Կունմին–Մոնրեալի տեսլականը վերածելու գործնական արդյունքների։
Իր ելույթում նշել է.
«30×30»-ը մեզ համար կարգախոս չէ, այլ հստակ ծրագիր։ Մենք ընդլայնում ենք պահպանվող տարածքների ցանցը, ստեղծում նոր տարածքներ կենսաբազմազանությամբ հարուստ վայրերում, բարձրացնում կառավարման արդյունավետությունը և ապահովում էկոլոգիական փոխկապակցվածություն։ Միաժամանակ մշակում ենք այլ արդյունավետ պահպանման միջոցների քարտեզ՝ ընդգրկելով համայնքային հողեր,  լանդշաֆտներ ու ջրային գոտիներ։
Կարևոր են նաև համալիր քայլերը՝ դեգրադացված տարածքների վերականգնումը, սեզոնային արգելքներով գոտիների սահմանումը և գնահատման մեխանիզմների կատարելագործումը։ Այս ամենը կառուցում ենք գիտության, մոնիթորինգի և բաց տվյալների վրա։
«30×30»-ը նաև խաղաղության ու բարեկեցության նախաձեռնություն է․ անխախտ էկոհամակարգերը նվազեցնում են ռիսկերը, կայունացնում ջրային ռեսուրսները, հողերը, կլիման և ստեղծում նոր հնարավորություններ։ 
Վստահ եմ` տարածաշրջանային էկոլոգիական համագործակցությունը կարող է դառնալ վստահություն կառուցելու միջոց։
Հայաստանի ուղերձը պարզ է․ հարգելով մեր ավանդույթները և կիրառելով ժամանակակից գիտությունը՝ մենք պատրաստ ենք համատեղ ապահովել արդյունքներ»:
Ելույթի ավարտին բոլորին հրավիրել է ներկա գտնվելու և իրենց մասնակցությունը բերելու 2026  թվականին Երևանում կայանալիք COP-17 համաժողովին: