Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Փարիզում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) կազմակերպած «30th ENVIRONET Plenary Meeting» եռօրյա նիստին։
Քննարկվել են զարգացման համագործակցության արդի միտումները՝ կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության պահպանման և օվկիանոսների կայուն կառավարման ոլորտներում։ Արամ Մեյմարյանը ներկայացրել է Հայաստանի մոտեցումները՝ որպես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի 17-րդ նիստը (CBD #COP17) նախագահող երկիր՝ ընդգծելով կլիմայի և կենսաբազմազանության օրակարգերի փոխկապակցվածության կարևորությունը։
Նա ներկայացրել է նաև Հայաստանի նոր ազգային հանձնառությունները՝ որպես կլիմայական և կենսաբազմազանության քաղաքականությունների համատեղ իրականացման օրինակ, ինչպես նաև կարևորել մասնավոր հատվածի դերը կենսաբազմազանության պահպանման նախաձեռնություններում։
Նիստի շրջանակում նախարարի տեղակալը երկկողմ հանդիպումներ է ունեցել ՏՀԶԿ Զարգացման աջակցության կոմիտեի նախագահի և կազմակերպության ներկայացուցիչների հետ՝ քննարկելով CBD #COP17-ի ակնկալվող արդյունքները, Կունմին–Մոնրեալ համաշխարհային կենսաբազմազանության ծրագրի հարցերը և ՏՀԶԿ-ի հետ համագործակցության խորացման հնարավորությունները։

