ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել բնակավայրերի կանաչ գոտիների տեսակային կազմի ընտրության հիմնական սկզբունքները և էտի իրականացման մեթոդական ցուցումները սահմանող ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակող աշխատանքային խմբի հերթական քննարկումը։ Փաստաթղթի մշակման գործընթաց սկսելու համար հիմք է հանդիսացել հասարակության կողմից պարբերաբար հնչող ահազանգերն այն մասին, որ համայնքային իշխանությունները ծառերի էտն իրականացնում են սեփական հայեցողությամբ և շատ դեպքերում չափից շատ խորը։ Մշակվող որոշմամբ կանոնակարգվելու է բնակավայրերում ծառերի ու թփերի էտի իրականացման մեթոդիկան, որով սահմանվելու է նաև յուրաքանչյուր բնակավայրի համար էտի իրականացման առանձին կարգերի հաստատման դրույթը։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են մշակվող փաստաթղթի առանձին դրույթների վերաբերյալ մասնագիտացված գիտական կառույցներից ստացված կարծիքները և առաջարկները։ Խաչիկ Հակոբյանը, ամփոփելով աշխատանքային հանդիպումը, առաջարկել է հնչած դիտարկումների հիման վրա կատարել նախագծի լրամշակում և սեղմ ժամկետում այն շրջանառել շահագրգիռ գերատեսչությունների միջև։