ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
11.05.2018
Պարզաբանում

<<Facebook>> սոցիալական ցանցի <<SOS>> TV էջում <<Դիլիջան>> ազգային պարկի տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեղադրված տեղեկատվության հավաստիությունը ճշտելու նպատակով ազգային պարկի տնօրեն Արմեն Աբրահամյանը, պահպանության բաժնի պետ Բենյամին Սարգսյանը, <<Բնապահպանի տուն>> նախաձեռնության երկու ակտիվիստների հետ մայիսի 9-ին իրականացրել են տեղազննություն:   Համատեղ տեղազննության ընթացքում պարզվել է, որ <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի թիվ 5 պահաբաժնում մեկ կաղնի տեսակի ծառն ամբողջովին չի կտրվել /հատված չէ բնային մասից/: <<Դիլիջան>> ազգային պարկ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրինությունը նախապատրաստել է նյութեր՝ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին հանձնելու համար: Նույն մասնաճյուղի 3 պահաբաժնում հաստատվել է 4 հատ նոր կտրած ծառի կոճղի առկայությունը: Համատեղ տեղազննության ընթացքում չի հաստատվել տեսագրությամբ մատուցված տեղեկատվությունը, ըստ որի <<Հաղարծին տեղամաս>> մասնաճյուղի թիվ 10 պահաբաժնում, Պարզ լճի մոտակայքում հատվել են ծառեր։ Տեսագրության մեջ երևացող բոլոր կտրված ծառերի կոճղերը հին են, համարակալված և կնքված։ Դրանում համոզվել են նաև <<Բնապահպանի տուն>> նախաձեռնության ակտիվիստները: <<SOS>> TV էջում հրապարակված տեսագրությունում արձանագրված ծառերի մեծ մասը 2017թվականի քամատապալ և ձյունակոտոր ծառերից առաջացած փայտանյութն է, որը սահմանված կարգով՝ ինքնապատրաստման եղանակով վաճառվել է Դիլիջան համայնքի բնակիչներին, սակայն ճանապարհ չլինելու պատճառով չեն կարողացել տեղափոխել: Հայտնում ենք նաև, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն առաջնային է համարում ապօրինի ծառահատումների խնդրի լուծումը և այդ ուղղությամբ իրականացնում է համապատասխան միջոցառումներ։ Մասնավորապես նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի /CNF/ հետ 2009թ-ին ստորագրել է շրջանակային համաձայնքագիր, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ուժեղացման գործընթացին։ ՀՀ բնապահպանության նախարարությունը մշտապես ողջունել ու աջակցում է անտառի պահպանության ուղղությամբ CNF-ի իրականացրած միջոցառումները, որոնց շրջանակներում էլ գործում է <<Բնապահպանի տուն>> նախաձեռնությունը։ Բնապահպանական գերատեսչությունը շնորհակալություն է հայտնում շահագրգիռ քաղաքացիներին՝ ցուցաբերվող օժանդակության համար, իսկ <<Դիլիջան>> ազգային պարկի հարակից համայնքների բնակիչներին կոչ անում աջակցել ապօրինի ծառահատումների դեմ պայքարին։ Միևնույն ժամանակ կոչ ենք անում հրապարակումներում չանցնել կոռեկտության սահմանը։