ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2018
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում իրականացվում են պահպանման ուժեղացված աշխատանքներ

 ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքներում մեկնարկել են հերթական գարնանային աշխատանքները, ստուգումներն, տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքները։     Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար իրականացվող շրջայցերի ժամանակ բնապահպանական խախտումներ չեն արձանագրվել։ Կատարվել են կաթնասունների և թռչունների ընթացիկ ուսումնասիրման աշխատանքներ, ինչի արդյունքում արձանագրվել է եվրոպական այծյամի և բեզոարյան այծի առանձնյակների մեծ թվաքանակ։ Շիկահող պետական արգելոցում տեղադրվել են նոր ֆոտոբռնիչներ։ «Սևան»  ազգային պարկի աշխատակիցները հերթական ստուգայցի ժամանակ, մայիսի 3-ին, ժամը 16:32-ին Վարդենիսի մասնաճյուղի 3-րդ պահաբաժնի 16-րդ քառակուսում /Գեղամասար համայնքի հարակից տարածքում/ արձանագրել են հրդեհի բռնկման դեպք։  Պարկի աշխատակիցներն անմիջապես ահազանգել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայություն և սկսել հրդեհաշիջման աշխատանքները։ Աշխատանքներին միացել է ևս 23 հրշեջ-փրկարար: Հրդեհը մարվել` 20:37-ին:     «Դիլիջան»  ազգային պարկի պահպանության բաժնի աշխատակիցների ստուգայցի ժամանակ հայտնաբերվել է չորս անտառախախտման դեպք (18 ապօրինի ծառահատում), կազմվել է արձանագրություն և ուղարկվել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարին՝ հետագա ընթացք տալու համար։ Շարունակվում են քամատապալ և հողմատապալ ծառերից առաջացած՝ 62,1 մ³    փայտանյութի իրացման աշխատանքները։ Պարկի աշխատակիցները հանդիպել են IDeA հիմնադրամի և BS կազմակերպության աշխատակիցների հետ և քննարկվել էկոտուրիստական երթուղիներին, ինչպես նաև «Դիլիջան»  ազգային պարկի  մուտքի ցուցանակների տեղադրմանն առնչվող հարցեր։