ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.11.2022
300.000 կտորե պայուսակ կբաժանվի քաղաքացիներին․ Շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության հարցը

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի արդյունավետության շուրջ քննարկում:
Քննարկմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպաններ, պետական գերատեսչությունների, միջազգային կազմակեպությունների ներկայացուցիչներ, արտադրողներ, խոշոր առևտրի ցանցերի ներկայացուցիչներ, պլաստիկ արտադրանքին այլընտրանք առաջարկողներ և խնդրի շուրջ շահագրգիռ անձինք:
Հիշեցնենք, որ Շրջակա միջավայրի նախարարության կողմից օրենսդրական նախաձեռնությամբ 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետության տարածքում առևտրի կետերում արգելված է մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների վաճառքը։ Բացառություն են կազմում աղբի և կշռափաթեթավորման համար նախատեսված պարկերը, որոնք անհրաժեշտ են ապրանքների սանիտարահիգիենիկ անվտանգությունն ապահովելու համար։
Օրենքի կիրարկումից շուրջ մեկ տարի անց նախարարությունը շահագրգիռ կողմերի հետ քննարկել է գրանցած արդյունքները և առկա իրավիճակը։
Նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման մասնակիցներին՝ Հայաստանի Հանրապետությունում բնապահպանական իրավիճակով մտահոգ լինելու և դրա բարելավմանն ուղղված կառավարության ջանքերին աջակցելու համար։
Նախարարի տեղակալը խոսել է թափոնների կառավարման համատեքստում Կառավարության իրականացրած և ծրագրավորվող քայլերից, ներկայացրել  երկրի ստանձնած միջազգային պարտավորություններն այդ ոլորտում՝ հավելելով, որ միայն ջանքերի համատեղման միջոցով է հնարավոր իրական արդյունքի հասնել։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Շրջակա միջավայրի նախարարության, Հայաստանի ամերիկյան համալսարանում Յակոբեան բնապահպանական կենտրոնի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից համատեղ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» Շվեդիայի կողմից ֆինանսավորվող 4-ամյա ծրագիրը։ Ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացրել է ծրագրի երեք հիմնական նպատակները։
Նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանը ներկայացրել է պոլիէթիլենային տոպրակների օգտագործման դեմ պայքարի առկա իրավիճակը։ 
Նախարարի տեղակալը Երևանի քաղաքապետարանի և մարզպետարանների ներկայացուցիչներին հորդորել է առավել ակտիվորեն ներգրավվել գործընթացների մեջ և սերտ փոխհամագործակցել։
Հանդիպման ընթացքում Հայաստանում տարբեր երկրների  դիվանագիտական ներկայացուցիչների կողմից ներկայացվել է իրենց երկրի փորձը, ինչպես նաև միջազգային գործընկերները իրենց պատարստակամությունն են հայտնել օժանդակել Հայաստանին թափոնների կառավարման և պլաստիկ արտադրանքի դեմ պայքարի շրջանակում։
Ելույթներով հանդես են եկել առևտրի ցանցերի ներկայացուցիչներ և այլընտրանքային արտադրանք առաջարկող տնտեսվարողներ։
Հանդիպման ավարտին նախարարի տեղակալը տեղեկացրել է Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնության մասին՝ պոլիէթիլենի օգտագործման ծավալները նվազեցնելու և բազմակի օգտագործման պայուսակներին անցնելու նպատակով առաջիկայում մոտ 300.000 կտորե տոպրակ անվճար կբաժանվի Հայաստանի քաղաքացիներին։
Գայանե Գաբրիելյանը գործընկերներին խնդրել է յուրաքանչյուրն իր լիազորությունների և գործառույթների շրջանակում միանալ պայքարին։
Նախաձեռնությանն առաջին խորհրդանշական բազմակի օգտագործման տոպրակը նվիրվել է հենց հանդիպման  ավարտին՝ «Մագի» ընկերության հիմնադիր Մարգարիտ Ստեփանյանի կողմից։