Ապրիլի 20-ին «Երևան էքսպո» կենտրոնում մեկնարկել է «In Tour Expo 2018» 5–րդ միջազգային մասնագիտացված եռօրյա զբոսաշրջության ցուցահանդեսը, որով տրվել է 2018 թվականի զբոսաշրջության սեզոնի մեկնարկը Հայաստանում: <<InTour Expo 2018>> ցուցահանդեսում քննարկվել են Հայաստանում զբոսաշրջության առկա խնդիրները, տեղի է ունեցել տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչն ամրապնդել է երկրների տարածաշրջանային և միջազգային հարաբերությունները։ Միջոցառման նպատակն է զարգացնել նորարարական ծրագրերը, որոնք կնպաստեն երկրների հարաբերությունների սերտացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի ներգնա և արտագնա զբոսաշրջության զարգացմանը։ <<InTour Expo 2018>> ցուցահանդեսին մասնակցել են ոլորտի շուրջ 80 ներկայացուցիչ: Միջոցառումն արդյունավետ հարթակ է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիստական ծառայությունների մատուցման վերաբերյալ իրազեկում ապահովելու համար։ ՀՀ բնապահպանության նախարարությունը ցուցահանդեսին մասնակցել է դիդակտիկ նյութերով հագեցած տաղավարով։ Իր ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը կարևորել է <<In Tour Expo>> զբոսաշրջային ցուցահանդեսի պարբերական իրականացումը, որը ոչ միայն նպաստում է ոլորտի զարգացմանը, այլև բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը համաշխարհային զբոսաշրջային շուկայում։ Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը, <<Արփի լիճ>> ազգային պարկի տնօրեն Հովսեփ Սիմոնյանը և ԲՀՊՏ-ների համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուները։ Ցուցահանդեսում ներկայացվել է Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների կարողությունները էկոտուրիզմի ոլորտում և այնտեղ առկա բնության ու պատմամշակութային արժեքները։