ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2018
Ներկայացվել է «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության բնապահպանական բաղադրիչը

Երևանում մեկնարկել է «Նախնական և միջին մասնագիտական կրթության միջոցով կայուն զարգացման խթանումը Հայաստանում» թեմայով երկօրյա ազգային աշխատաժողովը։ Միջոցառումն անցկացվում է ՄԱԿ ԵՏՀ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման» ռազմավարության իրականացման համատեքստում։  Աշխատաժողովին մասնակցել  են ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի Կոմիտեի քարտուղարության ներկայացուցիչ Նոնա Իլյուխինան, ՄԱԿ-ի ԵՏՀ-ի ԿԿԶ-ի Ղեկավար կոմիտեի նախագահ Արավելլա Զաչարիուն, Շվեյցարիայի կրթության, հետազոտությունների և նորարարության պետական քարտուղարության կրթական համագործակցության ռազմավարության վարչության պետ Բենեդիկտ Հաուզերը, հասարակական ու գիտական  կազմակերպությունների ներկայացուցիչներ և ոլորտի մասնագետներ։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը և ներկայացրել էկոլոգիական կրթության ոլորտում բնապահպանական գերատեսչության կողմից իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականությունը, ընթացիկ միջոցառումները, որոնք բխում են կայուն զարգացման կրթության սկզբունքներից։  «Կայուն զարգացման հիմնական սկզբունքներին կարելի է հասնել միայն պահպանելով մեր տունը, որում մենք ապրում ենք, այսինքն՝ մեր երկիր մոլորակը։ Մեր ժամանակներում, էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունը դարձել են առաջնային խնդիր։ Մարդու ոչ գրագետ գործունեության արդյունքում մեծ վնաս է հասցվում շրջակա միջավայրին՝ հատկապես խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը։ Մեր երկրում իրականացվող էկոլոգիական կրթությունը և դաստիարակությունն ուղղված են նախ և առաջ դպրոցականների բնապահպանական աշխարհայացքի ձևավորմանը։ Այդ նպատակներին հասնելու համար դեռ 2001թ. ընդունվել է «Ազգաբնակչության էկոլոգիական կրթության և դաստիարակության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, իսկ այս տարի ՀՀ կառավարությունն ընդունել է Էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացման ռազմավարությունը, որոնց նպատակն է ստեղծել ներդաշնակ համակարգ՝ ինչպես ֆորմալ, այնպես էլ ոչ ֆորմալ մակարդակներում», -իր խոսքում նշել է Խաչիկ Հակոբյանը։ Ելույթով հանդես է եկել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։ Խորհրդաժողովի ժամանակ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային կենտրոնի կրթություն հանուն կայուն զարգացման ամբիոնի վարիչ Գայանե Պողոսյանը ներկայացրել է տարածաշրջանային մակարդակով ռազմավարության իրականացման ոլորտում կայուն զարգացման կրթության և զարգացման վերաբերյալ ՄԱԿ-ի ԵՏՀ ռազմավարության հիմնական սկզբունքները: ԱՊՀ անդամ երկրներից հրավիրված փորձագետները ներկայացրել են կայուն զարգացման կրթության՝ մասնավորապես էկոկրթության սկզբունքների իրագործման իրենց երկրների փորձը։