ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2018
Ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով

Ս.թ. ապրիլի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել 3-րդ ամենամյա համաժողով <<էկոտուրիզմը Հայաստանում>> թեմայով։ Համաժողովի նպատակն է խթանել էկոտուրիզմի զարգացումը Հայաստանում՝ առաջարկելով գաղափարների և փորձի փոխանակման հարթակ, ինչպես նաև ստեղծել շահագրգիռ կողմերի ցանց: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի նախագահ Արմեն Տեր-Կյուրեղյանը։ Ողջունելով հյուրերին՝ Ա. Տեր-Կյուրեղյանը  շնորհակալություն է հայտնել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին, հրավիրված մասնակիցներին ակտիվ և պատրաստակամ մասնակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հակոբյան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանին՝ համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ                      Խաչիկ Հակոբյանը։ Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը ներկայացրել է ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքներում (այսուհետ՝ ԲՀՊՏ) զբոսաշրջության ազգային քաղաքականության իրականացման և նախատեսվող ծառայություններին ուղղված միջոցառումները։ <<Մեր կարևորագույն խնդիրն է Հայաստանի բնական էկոհամակարգերում էկոտուրիզմի զարգացումն ու աջակցումը, բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոտուրիզմի ներուժի բացահայտումը, էկոտուրիզմի զարգացման նպատակով պետական քաղաքականության սկզբունքների սահմանումը, մարտահրավերների ու խոչընդոտների գնահատումը: Հայաստանի ԲՀՊՏ-ները՝ պետական արգելոցներ, ազգային պարկեր, պետական արգելավայրեր և բնության հուշարձաններ, յուրօրինակ են, գրավիչ և էկոտուրիզմի տեսանկյունից ունեն զարգացման մեծ ներուժ: Ներկայում ողջ աշխարհում նկատվում են էկոտուրիզմի բուռն զարգացման միտումներ, իսկ դրանից ստացվող եկամուտների զգալի մասը ուղղվում է ԲՀՊՏ-ների պահպանմանը, զարգացմանը և բարելավմանը: Ոլորտի զարգացումը գերակա է նաև ՀՀ կառավարության համար: Ձևավորելով էկոտուրիստական ենթակառուցվածքներ և ծառայությունների մատուցման ժամանակակից մեխանիզմներ՝ Հայաստանը կարող է մրցունակ լինել համաշխարհային զբոսաշրջային շուկայում և տարեց տարի ընդլայնել զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր>>,-իր ելույթում նշել է Խաչիկ Հակոբյանը և ներկայացրել, որ  2010 թվականի համեմատ 2017 թվականին արձանագրվել է զբոսաշրջիկների թվի էական աճ:  ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալը ներկայացրել է նաև ոլորտում                 2017 թվականին իրականացված և ներկայում շարունակաբար իրականացվող կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրերը և միջոցառումները։  ՀՀ բնապահպանության նախարարությունից զեկույցով հանդես է եկել կենսառեսուրսների կառավարման գործակալության էկոտուրիզմի աջակցության և զարգացման բաժնի գլխավոր մասնագետ Վահագն Սարգսյանը, ով ներկայացրել է զբոսաշրջության մեջ    ԲՀՊՏ-ների ինտեգրման առաջընթացի, ինչպես նաև էկոտուրիզմի ծառայություններին ուղղված միջոցառումները։ Համաժողովի ընթացքում հնչել են տարբեր մասնագիտական կարծիքներ և առաջարկներ, որոնք կդիտարկվեն հետագա գործընթացներում։ Համաժողովին զուգընթաց կազմակերպված էր նաև <<Էկոտուրիզմ>> ցուցահանդեսը, որտեղ տեղակայվել է  նաև ՀՀ բնապահպանության նախարարության տաղավարը։ Տաղավարում տեղեկատվական թերթիկների և ինտերակտիվ ն ցուցատախտակի միջոցով ներկայացվել է ԲՀՊՏ-ներում էկոերթուղիների, Հայաստանի պատմամշակութային յուրօրինակ արժեքների, ինչպես նաև մատուցվող ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվություն։